Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Տատիկ-պապիկներ ջան, կարող եք հանգիստ լինել, այս օրենքով ձեր գույքահարկի բեռը չի թանկանալու․ Թունյան (տեսանյութ)

Որքանո՞վ է թանկանալու Կենտրոնում, Զեյթունում, Կոմիտասում 2 սենյականոց բնակարանի գույքահարկը, եթե ընդունվի Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին ՀՀ օրենքի նախագիծը։

Խորհրդարանում հարցը բարձրաձայնում է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը։ Ազգային ժողովում օրենքի նախագիծը զեկուցում էր Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը։ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը նկատում է՝ հարցը, թե որքանո՞վ է բարձրանալու գույքահարկը, Կադաստրի պետական կոմիտեին ուղղված չպետք է լինի։

«Մենք որոշում ենք արժեքը, թե գույքահարկը ինչքանո՞վ կթանկանա, երբ որ կգա համապատասխան վերանայումները, այդ ժամանակ կհարցնենք։ 350 000 000 դրամ կադաստրային արժեք ունեցող շքեղ առանձնատունը, որն իրականում արժե 2․8 մլրդ դրամ, ինքը հիմա գույքահարկ վճարում է 3, 2 մլն դրամ, կվճարի 28 մլն դրամ, բայց սա վերևի շեմն է, ներքևի շեմի վրա հնարավոր է՝ ոչինչ չփոխվի։ Տատիկ-պապիկներ ջան, կարող եք հանգիստ լինել այս օրենքն ընդունելիս ձեր գույքահարկի բեռը չի թանկանալու»,- շեշտեց պատգամավորը։

Հանձնաժողովի նախագահը, սակայն, դիմեց գործընկեր և ոչ գործընկեր խոշոր սեփականատերերին։

«Եթե դուք ունենք շատ բարձր արժեքով անշարժ գույք, որը գրանցված է կոպեկներով և որի համար շատ քիչ եք վճարում, ձեր համար գույքահարկը մի քանի անգամ կթանկանա»,- ասաց նա։

Նշենք, որ ըստ նոր օրինագծի նախատեսվում է գույքային հարկերի՝ որպես սեփականությունից գանձվող հարկերի հարկման հորիզոնական և ուղղահայաց արդարության սկզբունքների ամրապնդում, հարկային բեռի արդարացի և հավասարաչափ բաշխում՝ առանց նվազ ապահոված հարկ վճարողների հարկային բեռի ավելացում։

Ինչպես նաև ՝անշարժ գույքի սահմանմանը և շուկայական գնագոյացմանը համահունչ անշարժ գույքի՝ հողամասերի և (կամ) դրանց բարելավումների միասնական գնահատման նոր, առավել արդյունավետ համակարգի ներդրում, գույքային հարկերի մասով հարկային վարչարարության պարզեցում,անշարժ գույքի շուկայի զարգացման և անշարժ գույքի շուկայի գնային իրավիճակի վերաբերյալ վերլուծական տեղեկատվության ապահովման նպաստում և անշարժ գույքի միասնական և շուկայական արժեքին մոտարկված զանգվածային գնահատում: