Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Օրացույց. 7-ը սեպտեմբերի. Ցլերին հանգստացնելու համար օգնության շտապեցին հայրենական եզները (տեսանյութ)

1997-ի սեպտեմբերի 7-ին հրաժարական է ներկայացնում նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավոր խորհրդական Ժիրայր Լիպարիտյանը։ Պատճառները զուտ անձնական են,-ասում է նա։ Ինքն ուզում է ընտանիքի հետ լինել։ գուցե նեղացա՞ծ է նախկին գլխավոր խորհրդականը կամ նրա սրտով չէ հայ-ռուսական մեծ պայմանագիրը։ Նման բան չկա։ Ասուլիսի կեսին սրահ է մտնում նախագահը։ Եկել էր արձանագրելու մեծագույն կորուստը

Նույն օրը Վանաձորում նշում են հայտնի բանաստեղծ Հրաչյա Սարուխանի 50 ամյակը։ Քաղաքում գտնվող պաշտպանության նախարար, արձակագիր Վազգեն Սարգսյանը այցելում է բանաստեղծին եւ վերագտնում իր կապը գրականության հետ

Ազգային Ժողովի 6-րդ նստաշրջանում մտադիր են քննարկել «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի կառավարության նախագիծը։ ԱՄՆ ինֆորմացիայի ծառայության տնօրեն Մորգան Լիդիկն ասում է, որ Ամերիկայում այս օրենքը Սահմանադրության առաջին հոդվածն է։

1998-ի սեպտեմբերի 7-ին Ռուսաստանից վերադարձած մի խումբ հայ մայրեր բողոքում են, որ չեն կարողանում իրենց երեխաներին ուղարկել ռուսական դպրոցներ։ Ըստ նրանց, մեր երկրի լեզվի մասին օրենքն իրենց հայ երեխաներին զրկում է կրթություն ստանալու իրավունքից։ Օրենքը պահանջում է միայն մեկ տարի ադապտացվել ռուսերենից հայերեն լեզվի անցնելու գործընթացին։

Արմավիրի շրջանում նախորդ օրերին տարածված անհայտ վարակը խոլերա է։ Ինֆեկցիոն հիվանդանոցի գլխավոր բժիշկն, ի տարբերություն արմավիրցիների, խուճապի մեջ չէ։ Արա Ասոյանը դիմում է վարակի օջախներն ինքնակամ լքած արմավիրցիներին՝ ձեզ ոչ ոք չի մեկուսացնի՝ եկեք, հետազոտվեք, խմեք ձեր 4 կոճակը եւ ոչ մի դեպքում չփորձել բուժվել օղիով։

1999-ի այս օրերին Մալաթիա Սեբաստիա համայնքի առաջին ատյանի դատարանն սկսելու է քննել Վանո Սիրադեղյանի եւ մյուսների գործը։ Ներքին գործերի նախկին նախարարը մեղադրվում է սպանության, կաշառակերության, պաշտոնեական դիրքի չարաշահման եւ այլ հանցանքներում։ Գործում ներգրավված է 12 մեղադրյալ, 24 տուժող եւ 205 վկա։ Տուժողներից են Կիմ Բալայանը, Հարություն Սուքիասյանը, Սերժ Ջիլավյանը, Կառլեն Դալլաքյանը եւ այլք։

1999-ի սեպտեմբերի 7-ին Հայաստան է ժամանում ֆուտբոլի աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականը ։ Դիմավորողների ոգեւորությունն առավել հասկանալի էր հատկապես Յուրի Ջորկաեւֆին եւ Ալեն Պողոսյանին։ Զինեդին Զիդանը փոքր-ինչ ահաբեկված է։

Սեպտեմբերի 8-ին Հայաստանի հավաքականը «Հրազդան» մարզադաշտում աշխարհի առաջնության որակավորման մրցումներում պետք է խաղա Ֆրանսիայի հավաքականի դեմ։ Ջորկաեւֆի հայրն անձամբ է ուղեկցում որդուն։ Ֆուտբոլի աշխարհի գավաթը Հայաստանում է։ Ֆրանսիայի հավաքականն ինքն է բերել այն։ Գավաթն ուղեկցվեց Երեւանի կոնյակի գործարան, որտեղ նրան սպասում էր նախկին վարչապետ եւ գործարանի փոխտնօրեն Հրանտ Բագրատյանը։ Գավաթը կարճ ժամանակով մնաց կոնյակի տակառի վրա, այնուհետեւ 5 կիլոգրամ մաքուր ոսկու հանդեպ իշխանությունը դարձավ անկառավարելի, այն ձեռքից ձեռք էին փախցնում։

Համաշխարհային բանկը Հայաստանին 40 տարով 40 միլիոն դոլար վարկ է տրամադրել, որից 12 միլիոնը երկաթուղուն, որպեսզի վերանորոգեն երկաթգծի գծահատվածները։ Նախատեսվում է վնորոգել նաեւ վագոնները։

2000 թվականի այս օրը հացադուլ է սկսում հակատուբերկուլոզային դիսպանսերի արհմկոմիտեի նախագահը։ Պատճառն այն է, որ փետրվար ամսից մինչեւ աշխատավարձ չեն տվել։

2001-ի սեպտեմբերի 7-ին Երեւանի քաղաքապետարանում տեղի է ունենում Հյուսիային պողոտայի առաջին հողամասի աճուրդը։ Իրացվող տարածքի քառակուսի մետրի նախնական գումարը 521 դոլար է, աճուրդի վերջում այն դարձավ 650 դոլար։ Պողոտայի նախկին բնակիչները բողոքում են հենց քաղաքապետարանի դիմաց, ոչ ոք նրանց ոչինչ չի առաջարկել։

«Հանրապետություն» կուսակցության առաջին իսկ համագումարը հայտարարեց, որ դեմ է Ռոբերտ Քոչարյանի իշխանությանը ։ Պատճառն այն է, որ հոկտեմբերի 27-ի արյունը նրա վրա է։ Հետեւաբար իշխանությունը պետք է փոխվի։

Նույն օրը «Հանրապետական» մարզադաշտում սպասվում է ցլամարտ։ Այցելուները շատ չեն, ոմանք չեն ուզում, որ ցլերին սպանեն, մյուսները սա համարում են մարզաձեւ։ Նույն օրը մարտարվեստի ցուցադրման ժամանակ ցլերից մեկը դուրս եկավ վերահսկողությունից։ Հանգստացնելու համար օգնության շտապեցին հայրենական եզները։ Ոչինչ չօգնեց։ Օտարերկրյա հյուրը նրանց կողմն էլ չնայեց։ Ցլին չսպանելու մտադրությունն այլեւս հաշիվ չէ։ Մարտական ատրճանակով նրա վրա կրակում են Շտապօգնության մեքենայի միջից։ Մարդասիրական 8 մարտական փամփուշտ արձակվեց ցլի վրա, նրա ողնաշարը խոցել են նաեւ սրով, արնաքամ կենդանին վերջին ուժերով գրոհում է տորեադորի վրա եւ ի վերջո ընկնում։ Հայ հանդիսականը ծափահարություններով տոնում է հաջողությունը, մինչդեռ կենդանին դեռ հոգեվարքի մեջ է։

Նույն օրն ակռավարելի սկիզբ է ունենում «Արմենթելի» հարցով Արշակ Սադոյանի Ազատության հրապարակում հրավիրած հանրահավաքը։ Պատճառն այն է, որ հանրահավաքի ժամին քաղաքապետարանն այստեղ համերգ է նախատեսել։ ԱԱԾ-ն եկել է բանակցելու հանրահավաքի կազմակերպիչների հետ, հընթացս անվտանգության աշխատակիցներից մեկը հարվածում է բանակցության մասնակից Պետրոս Մակեյանին։ Չկայացած հանրահավաքի մասնակիցները երթով շարժվում են Բաղրամյան 26։ Այստեղ նրանց սպասում են Ներքին գործերի փոխնախարարներ Հովհաննես Վարյանն ու Արմեն Երիցյանը։ Արշակ Սադոյանը հեռախոսով անձամբ նախարարի հետ խոսելով է փորձում ոստիկաններին հեռացնել իր ճամփից։

2005-ի այս օրը խորհրդարանական ընդդիմությունը հայտարարում է, որ մտադիր է դադարեցնել Ազգային ժողովի աշխատանքների բոյկոտը, որը սկսել էին 2004-ին։ «Ժողովուրդը մեզ դիմում է, որպեսզի մենք մասնակցենք Ազգային ժողովի աշխատանքներին եւ ցույց տանք ռեժիմի իրական դեմքը»,-ասում է «Արդարություն» խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանը։

2009-ի սեպտեմբերի 7-ին Ազգային Ժողովի պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը վայր է դնում իր պատգամավորական մանդատը։ Պատճառն այն է, որ խորհրդարանը վատ վարվեց իր գործընկերների հետ։ «Ես այս խորհրդարանում անելիք չունեմ»,-հայտարարում է գործարար պատգամավորը։

Նույն օրը պատգամավորի աթոռից հրաժարվում է «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը։ Պաշտոնական բացատրություն չկա։

Այս օրը կյանքի 55-րդ տարում մահանում է Ռոբերտ Քոչարյանի թիկնազորի պետ Գրիշա Սարգսյանը։ Քոչարյանի նախագահության ընթացքում այս մարդը, ըստ տարբեր հրապարակումների, լուրջ ազդեցություն ուներ ուժային կառույցներում։