«Այնտեղ, որտեղ գրված է Գևորգ Պետրոսյան անուն ազգանունը՝ այդտեղ կարծես վետո է դրված»
Աջակցիր «Ա1+»-ինԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ՀՀ ներքաղաքական կյանքը բնութագրեց որպես լարված։ Միաժամանակ խորհուրդ տվեց ավելորդ լավատեսություն չցուցաբերել։
Մեկնաբանելով Ռոբերտ Քոչարյանի դիմումների գործով երեկ հրապարակված ՍԴ վճիռը
պատգամավորը նշեց՝ «Կարող եմ փաստել, որ այդ որոշումը դեռ ամեն ինչ չէ և ես չեմ կիսում այն տեսակետը, թե վերջ, սրանով արդեն կարելի է վերջնական դատողություն անել հայտնի անձի հետ կապված հիմնական դատավարության ելքի վերաբերյալ, բայց կրկնում եմ՝ սա նպաստավոր էր պաշտպանական կողմի համար»։
Պետրոսյանին ավելի մտահոգում է, որ ինչպես ինքն է նշում, որոշ փաստաբաններ և օրենքի գիտակներ, հայտարարել են, թե ինչպիսին էլ լինի ՍԴ որոշումը, իշխանությունն ունի որոշակի քայլերի տեսակետ և հենց դա պետք է կյանքի կոչվի։
«Ամենամեծ վտանգը սրանում է պարփակված, որովհետև, եթե մենք խոսում ենք անկախ դատարանի, սահմանադրական ճշմարիտ արդարադատության մասին՝ միաժամանակ արտահայտելով վերաբերմունք դատարանի ցանկացած որոշման նկատմամբ՝ սա նշանակում է՝ ստվերել դատական իշխանության անկախությունը»։
Անդրադառնալով Ամուլսարի հարցին՝ պատգամավորը ներկայացրեց իրենց խմբակցության քաղաքական տեսակետը։ Իրենց խմբակցությունը կողմ է, որ հարցը լուծվի հանրաքվեի արդյունքում։
«Դե թողեք՝ հանրաքվեով ժողովուրդը որոշի, ժողովրդի որոշելու միակ քաղաքակիրթ և իրավաբանորեն հայտնի տարբերակը՝ հանրաքվեն է, որովհետև, եթե գալիս են 300 հոգի էս կողմից 400 հոգի էն կողմից՝ նախ, սա ամբողջ ժողովուրդը չէ, երկրորդ, մենք ինչու՞ ենք ժողովրդին հանում իրար դեմ»։
ԲՀԿ պատգամավորը նաև վրդովված է, որ երեկ ԱԺ-ն մերժեց իրենց խմբակցության ներկայացրած երկու նախագծերը։
«Չասեմ մեր խմբակցության առումով, բայց այնտեղ, որտեղ գրված է Գևորգ Պետրոսյան անուն ազգանունը՝ այստեղ կարծես վետո է դրված, որ անկախ նրանից, թե ինչ բովանդակության է՝ մերժել և վերջ»,- ասաց Գևոր Պետրոսյանը։