Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արթուր Վարդանյան
A A
Հասարակություն

Արթուր Վարդանյանի առողջական վիճակը վատանում է․ գործը նոր դատավորի է մակագրվել

 Նորքի զինված խմբի պարագլուխ ներկայացվող Արթուր Վարդանյանի առողջական վիճակը գնալով վատանում է։ Այս մասին ահազանգում է նրա կինը՝ Աշխեն Սումբուլյանը, որը երեկ է տեսակցել ամուսնուն։

«Ունի  մաշկի հետ կապված խնդիրներ, ամբողջ մաշկն  այտուցված է, թարախային բշտիկներով, բորբոքված վիճակ է։ Մեծ կասկածներ ունեմ, որ արտաղիքային դրսեւորումներ են։ Նա կրոնի հիվանդություն ունի»,- ասում է նա։

   Արթուր Վարդանյանին հրաժարվել են ընդունել ու բուժօգնություն ցուցաբերել   ՀՀ ԱՆ «Մաշկաբանության և ՍՎ ԲԳԿ» ՓԲԸ բուժհաստատությունում։

«Կա փաստացի ախտորոշում, որ մարդը հիվանդ է, բայց Մաշկաբանականը չընդունեց, ասեց 9 ամսվա բուժում է պետք, պետությանը վնաս չենք տա։ Գնա քո ՔԿՀ-ում այդ դեղը խմի։ ՔԿՀ-ն էլ ասում ա՝ ես այդ դեղը չեմ կարող տալ, որ ինքը խմի, քանի որ դեղի պահով ֆինանսավորում չենք ստանում»,- «Ա1+»-ին փոխանցեց Աշխեն Սումբուլյանը։

Արթուր Վարդանյանը գրեթե 4 տարի է գտնվում է կալանքի տակ։ Այս ընթացքում նա նաեւ սրտի եւ լյարդի հիվանդություններ է ձեռք բերել։ Հիմա նա արդեն վերջույթների հետ կապված խնդիր ունի։ Ոտքի բութ մատը  թեթեւ կապտած եւ բորբոքված վիճակում է գտնվում։ Վիրաբույժն էլ խորհուրդ է տվել քիչ քայլել։  

Ըստ գործի նյութերի՝  2015-ի ապրիլից գտնվելով ՀՀ տարածքում, Արթուր Վարդանյանը ստեղծել ու ղեկավարել է ՀՀ քաղաքացիներից կազմված հանցավոր համագործակցություն, կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել, փոխադրել և կրել մեծ քանակությամբ զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, պայթուցիկ սարքեր` նպատակ ունենալով Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը յուրացնել, այսինքն զավթել՝ բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքով, ինչն ավարտին չի հասցվել՝ նրա կամքից անկախ հանգամանքներում, քանի որ հանցավոր գործակցության մեջ ներգրավված անձինք բացահայտվել ու 2015թ. նոյեմբերի 25-ին վնասազերծվել են ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից: Գործով անցնում է 20 անձ։ Դատավոր Արմեն Բեկթաշյանը փոխել է բոլոր 19 անձանց խափանման միջոցները։ Նրանցից միայն Արթուր Վարդանյանն է կալանքի տակ, թեեւ բոլորին էլ նույն մեղադրանքն է առաջադրված։

 Գործը գրեթե 3 տարի գտնվում էր դատավոր Արմեն Բեկթաշյանի վարույթում։ Նրա՝ Վերաքննիչ դատարան տեղափոխվելուց հետո, գործը մակագրվել է դատավոր Մեսրոպ Մակյանին։  Պաշտապանական կողմը հույս ունի, որ դատավոր Մեսրոպ Մակյանը կփոխի առողջական բազմաթիվ խնդիրներ ունեցող Արթուր Վարդանյանի խափաման միջոցը։  Ազատության մեջ գտնվելու ընթացքում էլ պատշաճ բուժօգնություն կստանա։