Բացել լրահոսը Փակել լրահոսը
twins-feet
A A
Հասարակություն

Մայրիկի ու տատիկի հետ են․ ի՞նչ պայմաններում են բնակվում երկվորյակները, որոնց մայրը թողել էր գիշերօթիկի բակում

Գյումրու «Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի եւ պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ»-ի բակում նախորդ տարվա հոկտեմբերին հայտնաբերված երկվորյակ երեխաների մայրը վերցրել է նրանց «Երեխաների տնից»:

Փոքրիկներն այնտեղ էին հայտնաբերման երկրորդ օրվանից սկսած՝ 2018 թվականի հոկտեմբերի 18-ից: Երեխաների 18-ամյա մայրը, ով Արարատի մարզից է, բացի այն, որ նորածիններին թողել էր գիշերօթիկի բակում, նաեւ մի քանի օր անց, երբ իրավապահների կողմից հայտնաբվերվել էր՝ որպես ծնող, նոտարական կարգով հրաժարվել էր փոքրիկներից:

Կարճ ժամանակ անց, սակայն, այն ժամանակ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը կնոջը հորդորել էր երեխաներից հրաժարվելու դիմումը ետ վերցնել։

Այդ օրվանից սկսած՝ երեխաները մինչեւ ընթացիկ տարվա օգոստոսի սկիզբը շարունակում էին մնալ Գյումրու «Երեխաների տան»-ը:  Ներկայումս, սակայն, մայրը սեփական դիմումի հիման վրա փոքրիկներին Գյումրիից տարել է Երեւան, ապրում է Էրեբունի վարչական շրջանում: 

«Եռահարկ, նորակառույց շենքում վարձակալված բնակարանում են ապրում երկվորյակները, նրանց մայրը ու տատիկը»,-«Ա1+»-ի հետ զրույցում ասաց  Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի  Ընտանիքի, կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի գլխավոր մասնագետ Լուսինե Ղազարյանը:

Ըստ նրա՝ երկվորյակների մայրը երեխաներին վերցնելու համաձայնություն ստանալու համար նախապես դիմում էր ներկայացրել Երեւանի քաղաքապետարանի համապատասխան բաժին:

«Առաջին տնայցը եղել է այն ժամանակ, երբ դեռ մենք դրական եզրակացություն չէինք տվել, այսինքն՝ դեռ երեխաներն իր մոտ չէին, առաջին անգամ էդ ժամանակ ենք գնացել: Շատ փայլուն էր ամեն ինչը, մաքրած, պատրաստ էր ամեն ինչ՝ երեխաներին ընդունելու համար, 2 առանձին մահճակալներ եւ նոր գնված հագուստ կար»,-ասաց Լուսինե Ղազարյանը:

Կատարված տնայցի արդյունքում հանձնաժողովականները գտել են, որ ծնողին մերժելու հիմքեր  չկան, դրական եզրակացություն են տվել, կինն էլ երեխաներին Գյումրիից բերել է:  Ըստ քաղաքապետարանի ներկայացուցչի՝ ընտանիքն իրենց ամենօրյա  ուշադրության կենտրոնում է:

«Մեր տնայցերի ժամանակ միշտ էլ ինքն էլ, մայրն էլ  տանն են եղել, երեխաների հետ զբաղված: Մենք անակնկալ այցեր էլ ենք ունեցել, եւ իրենք երկուսով միշտ երեխաներին խնամելիս են եղել,  հագուստները  փոխելիս են եղել, դրա համար այդ կողմից մի քիչ հանգիստ ենք»:

Վերջին տնայցերը, սակայն, նույն փայլուն պատկերը չեն ունեցել, ինչ առաջին անգամն է եղել: Լուսինե Ղազարյանի տեղեկացմամբ՝ հաճախ են անակնկալ այցեր անում: Դրանցից մեկի ժամանակ էլ տեսել են, որ երեխաների վրա ինչ-որ կարմրավուն բշտիկներ կան:

«Ծնողն ասեց՝ տարել են պոլիկլինիկա, ասել են՝ ալերգիկ ցան է: Բայց երեխաները շատ աշխույժ էին, ժպտերես, այսինքն՝ ամեն ինչ փոքրիկների հետ նորմալ էր, բացի ցանից: Բնակարանը վատը չէ, լայն, ընդարձակ, լուսավոր բնակարան է: Շենքն էլ նորակառույց է, դրա համար մաքուր բնակարան է:  Միայն ինձ մտահոգեց վառարանը, որ գետնին էր դրված եւ վրան կաթ են տաքացնում, այսինքն՝ եփելու, տաքացնելու համար են օգատագործում:  Չնայած որ մայրն ու տատիկն ուշադիր էին»,- զրույցի ժամանակ պատմեց Լուսինե Ղազարյանը:

Կան շատ խնդիրներ։ Դրանցից առաջնայինն ու ամենակարեւորն ընտանիքի ֆինանսական աղբյուրի բացակայությունն է: Երեւանում նորակառույց շենքում վարձակալված բնակարանի համար թե ո՞վ է վճարում, հստակ չէ: Երկվորյակների մայրն ու տատիկը չեն աշխատում, ամբողջ օրը տանն են, երեխաների հետ: Լուսինե Ղազարյանին երկվորյակների մայրն ասել է, քաղաքացիական ամուսին ունի, կարիքները հենց նա էլ հոգում է: Նաեւ վճարում է բնակարանի համար:

Թե ընտանիքն ինչքան կմնա Երեւանում, հայտնի չէ: Վերջին տնայցի ժամանակ Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի Ընտանիքի, կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի գլխավոր մասնագետ Լուսինե Ղազարյանին երկվորյակների մայրը տեղեկացրել է, որ մտադրություն ունեն մայրաքաղաքից հեռանալու:

«Ասեցին՝ ուզում են տեղափոխվել Աշտարակ, քանի որ վարձակալության գումարը Երեւանում բարձր է»: Բայց գնալուց առաջ կինը, իհարկե, բանավոր, բայց  պարտավորվել է Երեւանի քաղաքապետարանի համապատասխան բաժնին տեղյակ պահել՝ ուր է գնում եւ որտեղ է բնակվելու: