Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ռուստամ Բադասյան
A A
Հասարակություն

Ռուստամ Բադասյանը բացառում է, որ Ստամբուլյան կոնվենցիան հնարավորություն կտա միասեռականներին ամուսնանալ

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի համար ընտանիքը կնոջ և տղամարդու միություն է, և երեխաներ որդեգրել կարող են միայն պետության կողմից ճանաչված ընտանիքի անդամները, այսինքն՝ տղամարդը և կինը։

Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Ստամբուլյան կոնվենցիային, ասաց նախարարը։

Բադասյանը նշեց, որ ցանկացած անձի դեմ բռնությունը պետք է արժանանա համապատասխան կառույցակարգերի պաշտպանությանը։ Ռուստամ Բադասյանի կարծիքով՝ Ստամբուլյան կոնվենցիան Ազգային ժողովի օրակարգում կլինի հաջորդ տարի։

Նշենք, որ Արդարադատության նախարարությունը դիմել է Վենետիկի հանձնաժողով, որպեսզի մեկնաբանություն ստանա Ստամբուլյան կոնվենցիայի որոշ դրույթների շուրջ։

Ըստ նախարարի՝ նախարարության համար որոշ դրույթների շուրջ հատուկ մեկնաբանության խնդիր չկար, բայց հաշվի առնելով հասարակության տրամադրվածությունը՝ նման որոշում են կայացրել։ Ռուստամ Բադասյան աբսուրդ է համարում, որ կարծիքներ կան, թե կոնվենցիայով ընտանիքի կազմը կարող է փոխվել։

«Նայեք Վրաստանի Սահմանադրությունը, թե Վրաստանը երբ է ստորագրել և երբ է վավերացրել և դրանից հետո որոշակի փոփոխություն կա՞: Այնտեղ էլ ընտանիքը տղամարդու և կնոջ միությունն է, այնտեղ էլ է կոնվենցիայի վավերացումից հետո այդպես մնացել», - ընդգծեց նախարարը:

Ռուստամ Բադասյանը բացառում է, որ Ստամբուլյան կոնվենցիան հնարավորություն է տալիս միասեռականներին ամուսնանալ։

«Պետությունը չի ճանաչի նման իրավունք, որովհետև այս կոնվենցիայով չի փոխվում որևէ բան, որպեսզի պետությունը ճանաչի նման ամուսնություն, իսկ իրենք համատեղ կապրեն, թե չեն ապրի՝ իրենց գործն է»,-ասաց Բադասյանը: