Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Հայ ժողովուրդն այլևս երբեք թույլ չի տա պետականության, ինքնիշխանության ու իրավունքի կորուստ․ վարչապետի շնորհավորանքը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման օրվա կապակցությամբ

Սիրելի՛ հայրենակիցներ, 

Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման օրվա առիթով։ 

29 տարի է անցել այն օրից, երբ Գերագույն խորհուրդն ընդունեց Հայաստանի Անկախության հռչակագիրը: Դա հայ ժողովրդի միասնական և հավաքական կամքի դրսևորումն էր, որով ազդարարվեց հայոց պետականության սկիզբը։

Ինքնիշխանության հաստատման այդ տարիների ամեն օրը մեզ համար եղել է հանրային համակեցության դժվարությունների, ներքին ու արտաքին մարտահրավերների, հայտնի ու թաքուն փորձությունների անընդհատ շղթա, որը կարողացել ենք հաղթահարել դարձյալ միասնական կամքով ու նվիրումով:

Ղարաբաղյան գոյամարտը, 2016 թվականի ապրիլյան պատերազմը, 2018 թվականի ապրիլ-մայիսի իրադարձությունները ցույց տվեցին, որ հայ ժողովուրդն անհաղթահարելի և անհնարին թվացող խնդիրները կարող է լուծել՝ ապավինելով բացառապես սեփական ներուժին, հավաքական կամքին ու զարգանալու անխախտ հավատին։ 

Վստահ եմ, որ հայ ժողովուրդն այլևս երբեք թույլ չի տա պետականության, ինքնիշխանության ու իրավունքի կորուստ: Երկիր մոլորակի վրա Հայաստանի Հանրապետությունը պիտի գոյի հավիտյան՝ բարձր ծածանելով մեր ոգին ու հպարտությունը, մեր ազատությունն ու ինքնիշխանությունը խորհրդանշող եռագույնը:

Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը: