Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Աղբավայրից՝ ագրոտուրիզմի կենտրոն․ Բյուրականի «Չրի տունը» զբոսաշրջիկներին զարմացնում է հայկական չրերով (տեսանյութ)

Նախկինում աղբավայր, հիմա ագրոտուրիզմի կենտրոն։ Հովհաննիսյանների ընտանիքը տարիներ առաջ որոշեց Բյուրականի իրենց տան հարևանությամբ բիզնես ստեղծել ու սեփական ներդրումն ունենալ տուրիզմի զարգացման ոլորտում։ Ամեն ինչ պատրաստել են այնպես, որ հյուրերին գոհացնեն ու ներկայացնեն հայկականն ու որակյալը։ «Չրի տուն»  կոմպլեքս այցելող տուրիստներին առաջարկում են հայկական ամենահամեղ ուտեստներն ու նույնիսկ սովորեցնում դրանք պատարաստել։

«Վարպետության դասեր ունենք, պատրաստում ենք ղափամա, ղարշմկա,  որը  մեր գյուղական ճաշատեսակներից է։ Արիշտա ենք պատրաստում, որը նշանակում է սիրո փլավ, երգով պարով պատրաստում ենք, ոնց որ հնում ընդունված է եղել»,- ասում է «Չրի տուն»  կոմպլեքսի հիմնադիրներից Ծովիկ Օհանյանը։

Թեև այցելուների թիվը քիչ չէ, բայց շատ ավելին կլիներ, եթե տարածք բերող ճանապարհը բարեկարգ լիներ։ Տիկին Օհանյանն անկեղծացավ՝ չէր ցանկանա բողոքել, բայց տուրիստական ավտոբուսները դժվարությամբ են գալիս։

«Մտադրություն չունեն մեքենաները կոտրել, իսկ ցանկացած մարդ ով այստեղ է մտնում է, ինձ թվում է գոհ է գնում, բայց տեղ հասնելն է մի քիչ դժվար, եթե ճանապարհի հարցն էլ  կարգավորվի շատ լավ կլինի»,- ասում է նա։

Բերքը չիր սարքելու համար չէ, այլ բոլոր այցելուներին հյուրասիրելու։ Տիկին Ծովիկի խոսքով, այգու ծառերը բերված են տարբեր երկրներից և էնդեմիկ տեսակի են։ Ելակի 350 քառակուսի մետր մակերեսով դաշտը ամբողջ տարին բերք է տալիս, տան տիրուհին իր օջախ այցելողներին առանց հյուրասիրելու չի թողնում հեռանալ։

Ելակի օրգանական չիր են պատրաստում ու արտահանում։ Տիկին Ծովիկը խոստովանում է՝  օրգանական չիր մշակելը դժվար է, բայց աշխատանքից ստացված եկամուտը շոշափելի է։ 

«Անգլիական սրճարան կա, որը հետաքրքրված է ելակի չրով, փոքրաքանակ, բայց հույս ունեք, որ առաջիկայում ծավալը կմեծացնենք։  Օրգանականը պահելու համար ինքնըստինքյան արժեքը բարձրանում է, քանի որ ինչ օգտագործում ենք, ամբողջն առնում ենք սերտիֆիկացված կառույցներից, և՛ կենսահումուսը, և՛ հողը, և՛պարարտացումը»,- շեշտում է Ծովիկ Օհանյանը։

Հովհաննիսյանների ընտանիքը ցուցադրելու շատ բան ունի։ Ընկույզով սուջուխից բացի նաև չրերով ու մրգերի օշարակով սուջուխ են պատրաստում։ Տարեկան մոտ 100 տոննա թարմ միրգ են վերամշակում, չրերը թե՛ բնական ճանապարհով են պատրաստում, թե՛ շաքարավազով։

 «Մեր կառույցով օժանդակում ենք թե՛ մեր համայնքի, թե՛  հարակից համայնքների աշխատատեղերի ստեղծմանն ու զարգացմանը։ Հիմնականում օգտագործում ենք մեր գյուղացիների միրգը»,- եզրափակում է նա։

 Սեզոնին  մինչև 30 հոգի աշխատող ունեն։ Չիրը վաճառում են մեծ առևտրի կենտրոններում, չեն  արտահանում,  բայց դրսից եկած հյուրերն ու տուրիստները տանում են իրենց հետ։ Ամռան ընթացքում վերամշակած մրգի եկամուտներից դժգոհ չէ տիկին Օհանյանը, ասում է՝ դեռ նոր է բացվել չրի սեզոնը։ Եղածը քիչ չէ, բայց մտադիր են բիզնեսն ընդլայնել  ու Բյուրականը Հայաստանի լավագույն ագրոտուրիստական կենտրոն դարձնել։