Բացել լրահոսը Փակել լրահոսը
ararat-armenia 21.08.
A A
Սպորտ

«Դյուդելանժի» գլխավոր մարզիչը համամիտ չէ Վարդան Մինասյանի հետ

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆի «Դյուդելանժի» հետ առաջին հանդիպումից առաջ ասաց, որ թիմը հոգեբանորեն եւ ֆիզիկապես պատրաստ է խաղին: 

«Նախորդ խաղից հետո լիովին վերականգնվել ենք, վնասվածքներ չունենք։ Միայն մեկ որակազրկված խաղացող ունենք՝ թիմի ավագը: Լավ ուսումնասիրել ենք մրցակցին։ Իր խաղաոճով շատ նման է մեր նախորդ մրցակցին․ սիրում է գնդակ պահել, կարճ ու միջին փոխանցումներով խաղալ: Մենք կփորձենք ցույց տալ այն ֆուտբոլը, որը արդեն ծրագրել ենք: Մենք պետք է շատ սառնասիրտ լինենք եւ կարողանանք ճիշտ արձագանքել այն  ամենին, ինչ տեղի կունենա խաղադաշտում: Դա վերաբերում է եւ խաղացողներին, եւ մեզ՝ մարզիչներիս», - այսօր կայացած մամուլի ասուլիսին նշեց փորձառու մասնագետը։

Վարդան Մինասյանի կարծիքով լլուքսեմբուրգյան թիմն ավելի շատ կարող է ֆավորիտ համարվել, քանի որ եվրագավաթներում հանդես գալու մեծ փորձ ունի։ Անցած տարի այն հասել է մինչեւ Եվրոպայի լիգայի խմբային փուլ։

Իսկ ահա «Դյուդելանժի» գլխավոր մարզիչ Էմիլիո Ֆերերան բոլորովին չի կիսում իր գործընկերոջ կարծիքը:

«Այս փուլում մենք ֆավորիտ չենք, քանի որ նոր թիմ ենք կառուցում։ Նախորդ տարվա համեմատ շատ ֆուտբոլիստներ են հեռացել թիմից։ «Արարատ-Արմենիային» ուսումնասիրել ենք։ Այն, որ թիմը կարողացել է հաղթել Վրաստանի չեմպիոն «Սաբուրթալոյին» արտագնա խաղում՝ տանը պարտվելուց հետո, խոսում է ֆուտբոլիստների հոգեբանական բարձր պատրաստվածության մասին», - ասաց 52-ամյա բելգիացի մասնագետը։

Նշենք, որ Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆի «Արարատ-Արմենիա» - «Դյուդելանժ» առաջին խաղը տեղի կունենա օգոստոսի 22-ին, Երեւանի «Հանրապետական» ստադիոնում։