Շարունակվում է «Սասնա ծռեր»-ի գործով դատական նիստը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԵրևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, դատավոր, Բարձրագույն դատական խորհրդի անդամ Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, շարունակվում է «Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով դատական նիստը։
Վկաները չէին ներկայացել նիստին։ Սմբատ Բարսեղյանի փաստաբան Մուշեղ Շուշանյանը դիմեց դատարանին՝ քննելու իր պաշտպանյալ Սմբատ Բարսեղյանին ազատ արձակման միջնորդությունը։
Ինչին ի պատասխան՝ Մակյանն ասաց՝ վկաների չներկայանալու հարցին անդրադառնալուց հետո։
Դատախազ Պետրոս Պետրոսյանը դիմեց դատարանին անդրադառնալու գործով ապացույցների հետազոտման հաջորդականության փոփոխմանը, սակայն Շուշանյանը դեմ արտահայտվեց դրան։ Նա պատճառաբանեց, որ դրանով խախտվում է արդար դատաքննության իրավունքը, և գործը պետք քննվի ողջամիտ ժամկետներում։
Արմեն Բիլյանի փաստաբան, հասարակական-քաղաքական գործիչ Զարուհի Փոստանջյանը նույնպես դիմեց դատարանին՝ իր պաշտպանյալի խափանման միջոցին անդրադառնալու համար։
Դատախազ Պետրոսյանն անհիմն համարեց փաստաբանների առարկությունները՝ պնդելով իր միջնորդությունը։
Դատարանը բավարարեց մեղադրող կողմի՝ ապացույցների հետազոտման հաջորդականության վերաբերյալ միջնորդությունը՝ նշելով, որ դրանով չի խախտվում արդար դատաքննության իրավունքը։
Հուլիսի 30-ին մահացու վիրավորում ստացած ոստիկանության լեյտենանտ Յուրի Տեփանոսյանի այրին՝ Արփինե Թումասյան-Տեփանոսյանը, ՊՊԾ գնդի գրավման օրը՝ հուլիսի 17-ին վիրավորված և օգոստոսի 13-ին մահացած ոստիկանության ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանի այրին՝ Հասմիկ Ոսկանյանը դեմ արտահայտվեցին Սմբատ Բարսեղյանի ազատ արձակմանը։
Դատարանը գնաց խորհրդակցական սենյակ՝ միջնորդության վերաբերյալ որոշում ընդունելու համար։
Դատարանը մերժեց Սմբատ Բարսեղյանի փաստաբան Մուշեղ Շուշանյանի միջնորդությունը։
Դատավորը նաև հայտարարեց անհրաժեշտ միջոցների կիրառումը, որպեսզի մյուս դատական նիստին վկաները ներկա լինեն։
Նիստը հետաձգվեց. այն կշարունակվի օգոստոսի 28-ին։