Բացել լրահոսը Փակել լրահոսը
Պահեստազորի մայոր (1)
A A
Հասարակություն

Նախկինում հացադուլ հայտարարած մայորի պատասխանը պաշտպանության նախարարությանը

Նախկինում հացադուլ հայտարարած պահեստազորի մայոր Ցոլակ Խաչատրյանը «Ա1+»-ին դիմում է փոխանցել, որում դիտարկումներ է ներկայացրել իր ծառայության մասին Պաշտպանության նախարարության կողմից  «Ա1+»-ին ուղարկված տեղեկանքի բովանդակության վերաբերյալ։

ՊՆ գլխավոր քարտուղար Գառնիկ Հայրապետյանի ստորագրությամբ ներկայացրած տեղեկանքում  նշված էր, որ Խաչատրյանը դատապարտվել է «ժամկետային  զինծառայողին ծեծի ենթարկելու հիմքով»։

Ի պատասխան նախարարության տրամադրած տեղեկությանը՝ Խաչատրյանը գրել է, որ ինքը դատապարտվել է Քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով, այն է՝ «Իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը», ոչ թե ՊՆ ներկայացրած հիմքով։

Այս դրվագով «Դատալեքս» տեղեկատվական համակարգում զետեղված է «Անցնելով պաշտոնեական լիազորությունների սահմանները ծեծի է ենթարկել ժամկետային զինծառայող Ա.Ղարախանյանին» վերտառությամբ ՍԴ/0038/01/09 գործը։

 «Ձեզ ուղարկված պաշտոնական պատասխանում նա ամենայն հավանականությամբ «մոռացել էր» նշել այն փաստը, որ իր կողմից այդպես յուղոտ կերպով ընդգծված, այսպես ասած, «ժամկետային զինծառայողին ծեծի ենթարկելու» հիմքն առաջ էր եկել ՀՀ պաշտպանության նախարարի հրամանը կատարելու հետևանքով և «մոռացել էր» նշել նաև այն, որ զինվորն էր ինձ վրա առաջինը ձեռք բարձրացրել, և նոր դրանից հետո ես ստիպված եմ եղել պատասխան տալ»,- ընդգծել է նա։

«Ա1+»-ի հետ զրույցում Ցոլակ Խաչատրյանն ասաց, որ չնայած այս ամենին, իր պաշտոնավարման ներքո մարտական հերթապահության ժամանակ երբևէ ո՛չ զինծառայող է զոհվել, ո՛չ՝ գերի ընկել։

Մանրամասները կից ներկայացված դիմումի մեջ