Բացել լրահոսը Փակել լրահոսը
ՔնարԱրզ
A A
Հասարակություն

«Շինարարությունն ընթացել է բազմաթիվ խախտումներով»․ ամուսինների բողոքը՝ կառուցապատողի դեմ (տեսանյութ)

Արաբկիր վարչական շրջանի 49 փողոց 2/2 բնակարանի բնակիչներ, ամուսիններ Քնարիկ Արզումանյանը և Սեյրան Մադիյանը 2013 թվականից ի վեր դատական գործընթացների մեջ են։

«2013 թվականից մինչ այսօր մենք պայքարում ենք Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Դավուդ Զոքար Դերիսի Ֆաթհալլահի կողմից իրականացվող շինարարության դեմ»,- «Ա1»-ի հետ զրույցում ասաց Քնարիկ Արզումանյանը։

Արզումանյանի խոսքով՝ իրենց բնակարանի հարևանությամբ կատարված շինարարությունը ընթացել է բազմաթիվ խախտումներով։ Բնակիչը նշեց, որ հարևանությամբ կառուցված 6-հարկանի բազմաբնակարան շենքի պատին անցքեր են արվել, որի կտորներն ընկել են իր այգի՝ վտանգելով իրենց կյանքը։

Նշենք, որ երեկ՝ օգոստոսի 15-ին Քնարիկ Արզումյանին հանդիպեց վարչական շրջանի ղեկավար Արամ Դանիելյանը։ Հանդիպմանը ներկա էին նաև  վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի իրավաբանական բաժնի պետ Գեղամ Կարապետյանը, քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի պետ Մհեր Մանթաշյանը։ 

«Շինարարության ընթացքում վերահսկողություն կարող ենք իրականացնել ոչ թե մենք, այլ՝ քաղաքաշինության տեսչությունը։ Մենք իրավունք չունենք ասելու՝ «Դուք շենքը սխալ կառուցեցիք կամ շատ քանդեցիք»։ Այդ արդեն դատարանն է որոշում կամ քաղաքաշինության տեսչությունը տալիս է իր եզրակացությունը։ Շինարարը կարող է մեզ շինարարության ժամանակ շենքին ընդհանրապես մոտ չթողնել»,- ընդգծել էր նա։

Մանթաշյանը հավելելով իրավաբանական բաժնի պետի խոսքը՝ նշեց․ «Եթե համայնքային տարածք չեն մտնում»։

Վարչական շրջանի  ղեկավարի հանձնարարականով՝ քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի պետը պետք է այցելի Արզումանյանի բնակարան հնարավոր խախտումներին ծանոթանալու համար։