Հայ համայնքի ձայները մեծ ազդեցություն են ունենում․ քաղաքագետը՝ վարչապետի ԱՄՆ այցի մասին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ սեպտեմբերին կմեկնի ԱՄՆ՝ հանդիպելու Լոս Անջելեսի հայ համայնքի հետ։ Նա նշեց, որ հույս ունի քննարկել այն օրակարգը, որի մասին խոսել են վերջերս Ստեփանակերտում տեղի ունեցած հավաքի ժամանակ։
Այս առթիվ քաղաքագետ Սուրեն Սարգսյանն «Ա1+»-ի հետ զրույցում նշեց՝ հարկավոր է ակտիվորեն աշխատել այս ուղղությամբ։ Նրա խոսքով՝ Կալիֆորնիայի հայ համայնքը լուրջ ազդեցություն ունի ԱՄՆ-ում քաղաքական գործընթացների վրա, քանի որ այն Կոնգրեսում ամենաշատ ներկայացուցիչներն ունի։
Հետևաբար՝ հայ համայնքի ձայները մեծ ազդեցություն են ունենում կոնգրեսականների ընտրության վրա։ Սա, ըստ քաղաքագետի, նշանակում է, որ վարչապետի այցը կարևոր նշանակություն կունենա Հայաստանի հեղինակության համար։
«Պատկերացրեք՝ Միացյալ Նահանգներ գալիս է որևէ պետության վարչապետ, որն ԱՄՆ-ից շատ հետու է, և իր աջակիցները, այսինքն՝ էթնիկ հայերն, ովքեր Նահանգներում են բնակվում, գալիս են՝ նրան հանդիպելու մեծ դահլիճում։ Սա քաղաքական ազդեցության տեսանկյունից շատ կարևոր է, քանի որ ամերիկացիները տեսնում են, որ որևէ պետության ղեկավար շատ լուրջ ազդեցություն ունի համայնքի վրա»,- նշում է Սուրեն Սարգսյանը։
Ըստ նրա՝ չի բացառվում, որ նախագահական ընտրություններից առաջ ևս թեկնածուները հայ համայնքի ձայները ստանալու ակնկալիքով փորձեն աշխատել նաև Հայաստանի իշխանությունների հետ։
Այս դեպքում հայ համայնքը և լոբիստական կազմակերպությունը կարող են դառնալ յուրահատուկ կամուրջ Հայաստանի և ԱՄՆ-ի միջև։ Սա, ըստ Սուրեն Սարգսյանի, քաղաքական լավ հաշվարկ է պահանջում։
Քաղաքագետի խոսքով՝ Նահանգների հայ համայնքն իր հերթին մեծ ակնկալիքներ ունի Հայաստանի իշխանություններից։
«Շատ կարևոր է, որ տեսնեն, որ Հայաստանի իշխանությունները լուրջ ազդեցություն ունեն համայնքի վրա, և որ համայնքը աջակցում է Հայաստանի իշխանություններին։ Այս դեպքում Վաշինգտոնի վրա մեր ազդեցությունը կդառնա շոշափելի։ Վստահ եմ՝ հանդիպման ընթացքում վարչապետը կխոսի Հայաստան վերադառնալու անհրաժեշտության, այստեղ ներդրումներ կատարելու մասին»,- կանխատեսում է Սուրեն Սարգսյանը։