Ինչո՞ւ լրագրող Մարկ Գրիգորյանը դարձավ թանգարանի տնօրեն (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԼրագրող Մարկ Գրիգորյանը Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրենի մրցույթին մասնակցել է միմիայն այն պատճառով, որ, որպես լրագրող, ութ ամսվա ընթացքում, երբ գործազուրկ էր, որևէ լրատվամիջոցից հրավեր չի ստացել։ Նորանշանակ տնօրենի խոսքով՝ թանգարան ղեկավարելը մեծ պատասխանատվություն է, և որոշումն ընդունելը հեշտ չէր․
«Քանի որ մեկ քայլ հետ կամ կողք պետք է գնայի իմ մասնագիտությունից, որովհետև ես թանգարանային գործի մասնագետ չեմ։ Այս մասին չասելը սխալ կլիներ, քանի որ բոլորը գիտեն, որ մասնագիտությամբ լրագրող եմ, սակայն սա ինձ համար տարբերակ էր»։
Ինչ վերաբերում է սոցցանցերում իր՝ տնօրեն ընտրվելու վերաբերյալ բացասական մեկնաբանություններին, Մարկ Գրիգորյանը պատասխանեց, որ ինքն ապրում է ռեալ և ոչ թե վիրտուալ տարածքում, նաև որ շատերը երջանիկ կլինեն այնքան մեծաքանակ հետևորդներ ունենալ Ֆեյսբուքում, որքան ինքն ունի։
Որպես թանգարանի տնօրեն՝ Մարկ Գրիգորյանը առկա խնդիրներին պատրաստվում է զուգահեռ մոտեցում ցուցաբերել։
«Թանգարանը պետք է դառնա թանգարան, այսինքն՝ ունենա մշտական ցուցադրություն, որը նվիրված կլինի հայ ճարտարապետության երեքհազարամյա պատմությանը։ Հայաստան են գալիս զբոսաշրջիկներ, որոնց մենք պատմում ենք, թե ինչ հիանալի ճարտարապետություն ու ճարտարապետության պատմություն ունենք, սակայն չունենք գեթ մի դահլիճ, որտեղ որ դա կերևա»,- ասում է նորանշանակ տնօրենը։
Թանգարանում կկազմակերպեն նաև ժամանակավոր ցուցադրություններ։ Արդեն զուգահեռ սկսել են մի քանի ցուցահանդեսների կազմակերպման աշխատանքները։ Երկրորդ կարևոր խնդիրը, որ տնօրենը պատրաստվում է առաջ քաշել, քսաներորդ դարի հայ մեծագույն ճարտարապետների անտիպ ժառանգության՝ հուշերի և ճարտարապետական կոնցեպցիաների հանրահռչակումն է, ինչը գիտխորհուրդը պետք է քննարկի, քանի որ սա պարզապես թանգարան չէ, այլ՝ թանգարան-ինստիտուտ։