Բացել լրահոսը Փակել լրահոսը
aghb1
A A
Հասարակություն

Աղբահանության և սանմաքրման համար գումարները կավելացնեն 1 միլիարդ 726 միլիոն դրամով (տեսանյութ)

Երևան քաղաքի ավագանու՝ այսօր հրավիրված արտահերթ նիստի օրակարգային հարցերից էր 2018 թվականի դեկտեմբերի 25-ի N47-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որով նախատեսվում է Երևան քաղաքի 2019 թվականի բյուջեում իրականացնել փոփոխություններ։

Հարցը զեկուցող Երևանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը տեղեկացրեց, որ Երևան քաղաքի 2019 թվականի ապրիլի 23-ին թիվ 9-Ա որոշմամբ ստեղծված Երևանի աղբանահանություն և սանիտարական մաքրում համայնքային հիմնարկի գործունեության հիմնական նպատակը Երևանի վարչական տարածքի աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքների իրականացումն է պատշաճ մակարդակով, որն ապահովելու նպատակով նախագծով առաջարկվում է նախատեսված աղբահանություն և սանմաքրում ծրագրով գումարներն ավելացնել 1 միլիարդ 726 միլիոն դրամ, որից տրանսպորտային սարքավորումներ հոդվածով՝ 1 միլիարդ 571 միլիոն, այլ մեքենաներ և սարքավորումներ հոդվածով՝ 155 միլիոն։

«Նախագծով առաջարկվում է նաև 91 միլիոն հոդվածափոխություն կատարել նախադպրոցական հաստատությունների վերանորոգում հոդվածից, որպեսզի ամբողջանա մեզ համար անհրաժեշտ մեկ միլիարդ 735 միլիոն դրամը։ Ելնելով վերոնգրյալից՝ առաջարկվում է Երևան քաղաքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 25-ի 47- N որոշման մեջ կատարել համապատասխան փոփոխությունները։ Փոփոխություններն այլ իրավական ակտերում փոփոխությունների անհրաժեշտություն չեն առաջացնում»-, ասաց Հայկ Սարգսյանը։

Արձագանքելով՝ ԲՀԿ խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանը ցանկացավ իմանալ, թե ինչո՞ւ է կրճատվում մանկապարտեզներին հատկացվող 91 միլիոն դրամը, և արդյոք ուրիշ տեղից չէի՞ն կարող կրճատումներ անել, մասնավորապես՝ պարգևավճարներից, գործուղումներից և այլն։ Հարցին պատասխանեց փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանը.

«Երբ մենք բյուջեով հաստատեցինք 1 միլիարդ 400 միլիոնի չափով մանկապարտեզների վերանորոգման համար, իսկ գիտեք՝ ցանկացած շինարարական աշխատանք ենթադրում է նախագծանախահաշվային փաստաթղթեր, 2018 թվականի նոյեմբերին փոփոխություններ էր տեղի ունեցել ճարտարապետների նախագծողների լիցենզավորման կարգում, և մենք նոյեմբեր ամսվանից սկսած՝ չկարողացանք նախագծման մրցույթներ հայտարարել։ Այդ հարցը լուծվեց փետրվար-մարտ ամիսներին, որից հետո մենք ձեռնամուխ եղանք, որպեսզի նախագծանախահաշվային փաստաթղթերի մրցույթ հրավիրենք։ Այս պահի դրությամբ՝ 21 մանկապարտեզների նախագծանախահաշվային փաստաթղթերն արդեն պարտարաստվում են և ամեն օր ներակայացնում են քաղաքապետարան, որից հետո պետք է մրցույթ դնենք՝ արդեն շինարարական կազմակերպություն գտնելու համար»։

Զեկուցող Հայկ Սարգսյանն էլ հավաստիացրեց, որ որևէ մանկապարտեզի վերանորոգում չի տուժում այս տեղափոխության արդյունքում։

Հարցը 41 կողմ ձայներով ընդունվեց։