«Փյունիկ» - «Վուլվերհեմփթոն». հայ-ռուսական նախագիծ` ընդդեմ չին-պորտուգալականի
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի ֆուտբոլի փոխչեմպիոն Երեւանի «Փյունիկն» այսօր Եվրոպայի լիգայի որակավորման 3-րդ փուլի շրջանակում սեփական դաշտում կընդունի անգլիական «Վուլվերհեմփթոնին»: Սա երկրորդ դեպքն է, որ ֆուտբոլի հայրենիքի ներկայացուցիչը հյուր է գալիս Հայաստան:
Առաջին անգամ ֆուտբոլային նման խոշոր իրադարձություն տեղի էր ունեցել հեռավոր 1975 թվականին, երբ Երեւանի «Արարատին» Եվրոպայի գավաթակիրների գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում մրցակից էր բաժին հասել Լոնդոնի «Վեսթ Հեմը»: Երեւանում կայացած հանդիպումն ավարտվել էր ոչ-ոքի արդյունքով՝ 1:1, իսկ պատասխան խաղում հաղթանակ էին տարել անգլիացիները՝ 3:1:
«Վուլվերհեմփթոնը» չնայած չի դասվում անգլիական ֆուտբոլի առաջատարների թվին, սակայն նախորդ մրցաշրջանի արդյունքներով թիմը զբաղեցրել էր 7-րդ տեղը եւ 39 տարի անց իրավունք է ստացել մասնակցելու Եվրոպայի լիգայի մրցաշարին: Որակավորման 1-ին փուլում «գայլերը» երկու խաղերում պարզապես «հոշոտել» են հյուսիսիռլանդական «Կրուզադերսին»՝ 2:0, 4:1:
Հարկ է նշել, որ «Վուլվերհեմփթոնից» անգլիական մնացել է միայն անվանումը: 2016 թվականին չինական «Ֆոսուն» ընկերությունը 45 մլն ֆունտով ձեռք է բերել ֆինանսական ճգնաժամ ապրող ֆուտբոլային ակումբը: Չինացիներին այդ հարցում օգնել է ֆուտբոլային աշխարհի քաջ ծանոթ գործակալ Ժորժե Մենդեշը, ում ծառայություններից օգտվում է Քրիշտիանու Ռոնալդուն:
Թիմի կազմի համալրման հարցերով զբաղվում է հենց պորտուգալացի գործակալը: Զարմանալի չէ, որ «Վուլվերհեմփթոնը» այժմ գլխավորում է նրա հայրենակից Նունու Էշպիրիտուն: Թիմի կազմի 35 տոկոսը պորտուգալացիներ են: Կան ֆուտբոլիստներ նաեւ Իսպանիայից, Ֆրանսիայից, Բելգիայից, Շվեյցարիայից, Մեքսիկայից, Մարոկոյից, իսկ վերջերս նաեւ՝ Իտալիայից:
Չին-պորտուգալական նախագծի հեղինակները թիմի առջեւ խնդիր են դրել տարեցտարի բարելավել արդյունքները եւ ի վերջո նվաճել չեմպիոնի կոչումը: Արդյո՞ք «գայլերին» կհաջողվի իրականացնել իրենց «տերերի» ամբիացիները, ցույց կտա ժամանակը:
Նշենք, որ նույնպիսի նպատակներ է հետապնդում նաեւ Երեւանի «Փյունիկը», որի սեփականատերն է ռուսաստանաբնակ հայազգի գործարար Արթուր Սողոմոնյանը: Նա թիմի ղեկը հիմնականում վստահում է ռուս մասնագետներին: Նոր մրցաշրջանից առաջ «Փյունիկը» բավական լուրջ համալրում է ստացել արտասահմանից: Թիմում մեծ թիվ են կազմում ռուս լեգեոնականները: Կան ֆուտբոլիստներ նաեւ Ուկրաինայից, Չեռնոգորիայից, Մակեդոնիայից, Նիգերիայից:
Այնպես որ, այսօր միմյանց հետ հանդիպելու են հայ-ռուսական եւ չին-պորտուգալական նախագծեր ունեցող ակումբներ: Մնում է պարզել, թե դրանցից որն է ավելի մրցունակ: