Բացել լրահոսը Փակել լրահոսը
MHM0131284
A A
Հասարակություն

Քոչարյանի փաստաբանական խումբը պատրաստվում է դիմել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողով (տեսանյութ)

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Արամ Օրբելյանը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ շուրջ 2 ամիս է՝ իրենց պաշտպանյալի գործով դատական քայլեր չեն կատարվում, ինչը Մարդու իրավունքների կոնվենցիայի խախտում է։

«Այսօր պետությունը Ռոբերտ Քոչարյանին չի տալիս գործուն դատարան՝ իր իրավունքները պաշտպանելու համար», - շեշտեց նա։

Նա ասաց, որ փաստաբանական խումբը Վճռաբեկ բողոք է ներկայացրել Վերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Դանիելյանի՝ Քոչարյանին կրկին կալանքի տակ պահելու որոշման դեմ՝ հավելելով, որ Սեյրան Օհանյանի փաստաբան Կարեն Մեժլումյանը նույնպես բողոք է ներկայացրել։

Ըստ Օրբելյանի՝ այս իրավիճակում Վճռաբեկը հանդես է գալիս որպես Վերաքննիչ և պետք է անհապաղ քններ նրանց բողոքը։

Հարցին, թե իրավական ի՞նչ լուծում կա այս հարցում, փաստաբանական խմբի մեկ մյուս անդամ Հովհաննես Խուդոյանն ասաց, որ ոչ թե իրավական լուծման, այլ իրավական պատասխանատության հարց է առաջացել։ 

Փաստաբան Արամ Վարդանյանն իր հերթին հարցադրում արեց Բարձրագույն դատական խորհրդին, որ եթե դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունները կասեցված են, վարույթը իրականացնող մարմին չկա, ապա ինչո՞ւ նոր դատավորի մակագրում դեռևս չկա իրենց պաշտպանյալի գործով։

Խուդոյանն, անդրադառնալով «ԲիԲիՍի»-ի գործակալության հրապարակած հոդվածին, որում նշված է, թե 2008 թվականի մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ գեներալ Սամվել Կարապետյանն է ղեկավարել ցուցարարների դեմ զենքի օգտագործումը, ասաց, որ չկա մեկ ցուցմունք, որ այդ հանգամանքը հաստատի։

Լրագրողի դիտարկամանը, թե Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն ասել էր, որ վերականգնված փաստաթղթերի մեծ մասը վերաբերել են «Մարտի 1»-ին, Օրբելյանն ասաց, որ դիմել են Քննչական մարմնին՝ պատճենահանելու «Մարտի 1»-ի ամբողջ գործը։

Փաստաբանը նշեց, որ պատրաստվում են ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողով բողոք ներկայացնել, իսկ բողոքի բովանդակության դետալները դեռևս քննարկման փուլում են։ 

Եզրափակելով՝ Հովհաննես Խուդոյանն ասաց, որ պատրաստվում են Քոչարյանի գործով հրապարակային քննություն անցկացնել՝ անկախ նրանից,թե մյուս կողմերը՝ դատախազություն, դատավոր, կմասնակցեն, թե ոչ։