Բացել լրահոսը Փակել լրահոսը
DSC_0672
A A
Քաղաքականություն

Վենետիկի հանձնաժողով դիմելը պայմանավորված է եղել հանրային քննարկումներով. փոխնախարար

Արդարադատության փոխնախարար Քրիստինե Գրիգորյանն ասաց, որ Ստամբուլյան կոնվենցիայի հարցով Վենետիկի հանձնաժողով դիմելը պայմանավորված է եղել հանրային քննարկումներով։

Արդարադատության փոխնախարարը նշեց՝ Վենետիկի խորհրդատվական կարծիքն ստանալու պատճառը եղել է այն, թե արդյո՞ք Կոնվենցիան հակասում է ՀՀ Սահմանադրությանը, ընտանիքի կոնցեպտին։

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Մարի Կարապետյանն ասաց, որ անկախ Կոնվենցիայի ընդունումից, պետք է վերացնել քաղաքացիների և օրենքների միջև առկա խզումները։

Նրա խոսքով, եթե ընտանիքներում ամեն ինչ կարգին է, ապա պետությունը միջամտելու կարիք չունի, իսկ եթե ընտանիքում կա բռնություն, ապա պետությունը պետք է միջամտի։

Կանանց ռեսուրսային կենտրոնի փաստաբան Նվարդ Փիլիպոսյանն անդրադառնալով ընտանեկան բռնությանը, նշեց, որ «ընտանեկան» բառը որոշակի շփոթ է առաջ բերում։

Նա նշեց, որ բռնության հարցը վերաբերում է ոչ միայն ընտանիքներին, այլև կանանց նկատմամբ ընդհանրապես։

Բռնության ենթարկվածները, Փիլիպոսյանի խոսքով, ոչ միայն ամուսնացած կանայք են, այլև նշանված, կամ այլ հարաբերություններ ունեցողները։

Բաց հասարակության հիմնադրամների տնօրենների խորհրդի անդամ, Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի համակարգող Զառա Հովհաննիսյանը պատմեց, որ մի կին ընտանիքում բռնության ենթարկվելով՝ դիմել է իրավապահ մարմիններին, սակայն անհրաժեշտ աջակցություն չի ստացել։

Փաստաբան Արմինե Ֆանյանը համաձայնեց բանախոսների բարձրացրած խնդիրների հետ։

Ֆանյանը Հովհաննիսյանին առաջարկեց իրեն փոխանցել այն պաշտոնատար անձանց անունները, որոնք անհրաժեշտ կերպով չեն աջակցել՝ խոստանալով այդ դեպքով հաղորդում ներկայացնել։

Ֆանյանը հավելեց, որ անկախ Կոնվենցիայի ընդունումից, Եվրոպական կոնվենցիայով խտրականության արգելքն ամրագրված է։

Փաստաբանների պալատի իրավական հարցերով փորձագետ Արտաշես Խալաթյանն իր հերթին նշեց, որ Ստամբուլյան կոնվենցիայի դեմ արտահայտվողները պակաս հանրօգուտ չեն, քան ընդունման կողմնակիցները։

Նա նշեց, որ Կոնվենցիայի որոշ դրույթներ դուրս են գալիս նրա շրջանակներից։

Նա մատնանշեց Կոնվենցիայում առկա «գենդերային ինքնություն» եզրույթը՝ ասելով, որ սեռական կողմնորոշումը և գենդերային ինքնությունը առանձին են գրված։

Իսկ գենդերային ինքնությունը լիովին տարբերվում է կին և տղամարդ սեռերի մեկնաբանությունից։