Բացել լրահոսը Փակել լրահոսը
silva
A A
Հասարակություն

Սիլվա Համբարձումյանը «բոմժ» անվանեց նախկին իշխանությունների համակիրներին (տեսանյութ)

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվեց բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի գործով դատական նիստը:

Հիշեցնենք, որ հունվարի 18-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր ՀՔԾ-ի միջնորդությունը և կալանավորման որոշում կայացրել Արամ Հարությունյանի նկատմամբ։

Ավելի վաղ ՀՔԾ-ն հայտնել էր, որ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա՝ Արամ Հարությունյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ նա, հանդիսանալով ՀՀ գործադիր իշխանության ղեկավար աշխատող, իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող անձանց օժանդակությամբ առանձնապես խոշոր չափերով կաշառք է ստացել, ապա՝ օրինականացրել հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքը:

Արամ Հարությունյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։

Այսօրվա նիստին ներկայացել էր Արամ Հարությունյանի գործով տուժող, գործարար Սիլվա Համբարձումյանը, ով զրուցել է լրագրողների հետ։ Խոսելով նիստերի ընթացքի մասին՝ Սիլվա Համբարձումյանն ասաց, որ դատավարությունն անընդհատ հետաձգվում է, քանի որ գործում ընդգրկված են բազմաթիվ մարդիկ։

«Երեք-չորս հոգին փախած են, մեկը կալանավորված է, մեկն էլ ստորագրությամբ է շրջում Հայաստանում, իսկ կարևոր դեմքը Արամ Հարությունյանն է, նրան չեն կարողանում գտնել։ Այսօր ես շատ հետաքրիր լուր կարդացի, Մանե Սողոմոնյանը գրել է, որ նա հանրապետությունում է, ինչո՞ւ չեն կարողանում նրան բռնել։ Ես կարծում եմ, որ կա՛մ Արամ Հարությունյանին պետք է արագ բռնել, կամ էլ, երբ «Կոռուպցիայով հարստացածների» մասին օրենքն ուժ ունենա, կարծում եմ՝ բոլոր դատավարություններն արագ կավարտվեն», ասաց Սիլվա Համբարձումյանը։

Նա հիշեցրեց, որ հետախուզվողներից մեկը Սուրեն Ավագյանն է, մյուսը՝ Գագիկ Կարապետյանը, Սևանի հոգեբուժարանի նախկին տնօրենն է, որը գտնվում է ԱՄՆ-ում, և որին այնտեղ, Սիլվա Համբարձումյանի տեղեկություններով, կալանավորել են, իսկ Սուրեն Ավագյանը և Արամ հարությունյանը դեռ հետախուզման մեջ են գտնվում։

«Ես կարծում եմ, որ ինքն է լավ թաքնվում, սա վարչապետի հանձնարարականն է, չեմ կարծում, որ իրավապահները չուզենային գտնել»,ասաց գործարարը։

Խոսելով նաև այն մասին, որ Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ Համբարձումյանն իրեն զրպարտում է՝ Սիլվա Համբարձումյանն ասաց, որ ինքը երբեք զրպարտությամբ չի զբաղվել.

«Ես ՀՀ առաջին գործարար տիկինն եմ, և կարելի է ասել՝ գործարար տղամարդը։ Ես 90-ականներից եմ բիզնեսով զբաղվում և որևէ նման դեպք չի եղել։ Ես կռիշ էլ չեմ ունեցել, որ ինձ օգնի, ես ինքս իմ խելքով, իմ ուժերով եմ առաջ գնացել միշտ։ Ես չէի փոխանցի կաշառք, կաշխատեի, ուրեմն պարտավոր էի դա անելու, որ կարողանայի հանրապետությունում աշխատել»,-ասաց Սիլվա Համբարձումյանը։

Անդրադառնալով նաև նախկին իշխանությունների համակիրների այն հայտարարություններին, որ իբրև թե նախկիններն ավելի լավն են՝ ասաց․ «Ովքե՞ր էին լավը։ Էդ ցույց անողները, մի հատ նայում են իրանց, մի հատ նկարեք, տեսեք ովքեր են՝ բոմժերն են և փողով գնացողները։ Ոչ մեկ նախկին իշխանություններից գոհ չէ»,- եզրափակեց Սիլվա Համբարձումյանը։

Տեսանյութը՝ Factor.am-ի