Այսօր Վարդավառի տոնն է
Աջակցիր «Ա1+»-ինՎարդավառը` Պայծառակերպություն հայոց ամենասիրված, ամենաուրախ և հիշարժան տոներից մեկն է: Վարդավառը կամ Քրիստոսի Պայծառակերպությունը Հայ Առաքելական Եկեղեցու հինգ տաղավար տոներից է: Այս տոնը նվիրված է Քրիստոսի այլակերպման նշանավոր իրադարձությանը, երբ նա Թաբոր լեռան վրա երևացել է իր աշակերտներին պայծառացած կերպարանքով:
Վարդավառը, սակայն, հայոց հնագույն տոներից է, այն տոնել են հեթանես հայերը: Հեթանոսական Հայաստանում Վարդավառի տոնը կապում էին հայկական դիցարանի ջրի, սիրո, պտղաբերության ու գեղեցկության աստվածուհի Աստղիկի և Վահագն աստծո սիրո պատմության հետ: Վարդավառի տոնը նշվում էր ժողովրդական մեծ հանդիսություններով: Վարդեր նվիրելով և ջուր լցնելով` Աստղիկը սեր էր տարածում ողջ Հայաստանով, իսկ Վահագնը, մշտապես պայքարելով չարի դեմ, պաշտպանում էր այդ սերը…
Տոնին միմյանց վրա ջուր լցնելու ժողովրդական սովորության վերաբերյալ կա ևս մի հին ավանդույթ, որը, թերևս սկզբնավորվել է ջրհեղեղը վերապրած մարդկության միջավայրում: Որոշ հետազոտողներ և աստվածաբաններ Վարդավառի տոնը կապում են Ջրհեղեղի և Նոյի տապանից իջնելու հետ, միմյանց վրա ջուր ցանելը, աղավնի բաց թողնելը` դիտելով իբրև Ջրհեղեղից ազատվելու արարողություն: Ըստ ավանդության, երբ Նոյը ջրհեղեղի ժամանակ հանգրվանում է Արարատ լեռան վրա և հետո իջնում է գագաթից, այդ օրվանից սկսվում է հայոց Նավասարդ ամիսը: Նոյը պատվիրում է իր որդիներին, ի հիշատակ ջրհեղեղի, իրար վրա ջուր լցնել:
Քրիստոնեության ընդունումից հետո տոնը արտաքին փոփոխության է ենթարկվում` պահպանելով, սակայն, իր էությունը: Եկեղեցին այն փոխարինում է Քրիստոսի այլակերպության կամ Պայծառակերպության տոնով: Պայծառակերպություն նշանակում է պայծառ կերպարանք, պայծառ տեսք ունենալ, իսկ ժողովրդական լեզվով անվանում էին Վարդավառ` Տիրոջը վարդի հետ համեմատելու պատճառով:
Քրիստոսի պայծառակերպության մասին վկայում են Մատթևոս, Մարկոս, Ղուկաս ավետարանիչները. «Եվ նրա դեմքը փայլեց ինչպես արեգակը և նրա զգեստները դարձան սպիտակ ինչպես լույսը…Ինչպես վարդն է ծածկված լինում որպես կոկոն, այդպես էլ Տերը նախքան իր պայծառակերպվելը պահում է իր մեջ Աստվածության պայծառությունը: Եվ ինչպես վարդը բացվելով հայտնապես երևում է, այնպես էլ Տերն այսօր պայծառակերպվելով հայտնում է իր Աստվածությունը»,- գրում է Գրիգոր Տաթևացին: