Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մշակույթ

«Հիանալի է, որ «Իմ քայլը» բեռը վերցրեց իր վրա, որ ոչինչ չքանդվեց, ոչինչ չավերվեց, սակայն սա առաջին փուլն է» (տեսանյութ)

Նոր համերգաշրջանը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյան խոսքով, հատուկ նշանակություն է ունենալու, այն առումով, որ եթե նախկինում հաջողվել է մեծանուն մենակատարներ հրավիրել, ապա այս անգամ առաջին մեծության դիրիժորներ են գալու և աշխատելու նվագախմբի հետ։

«Սրա համար երկար տարիների աշխատանք է պահանջվել, և սա մի նոր էտապ կլինի նվագախմբի համար»,- ընդգծեց  պարոն Թոփչյանը։

 «Ա1+»-ի հարցին, թե ինչ տվեց «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի և Հայաստանի դասական երաժշտության կոլեկտիվների համագործակցության հուշագիրը, նվագախմբի գեղարվեստական ղեկավարը պատասխանեց, որ հիանալի է, որ հիմնադրամը բեռը վերցրեց իր վրա, որ ոչինչ չքանդվեց, ոչինչ չավերվեց, կոլեկտիվները, որոնք մնացել էին առանց հովանավորների՝ կգոյատևեն։ Սա առաջին փուլն է և մեծ ձեռքբերում է։ Սակայն Թոփչյանն անհամբեր սպասում է այն օրվան, թե երբ կորոշվեն և կկարևորվեն առաջնահերթությունները։ Այսինքն` հարց կդրվի կոլեկտիվների ստեղծագործական մակարդակի մասին և համապատասխան մասնագետներն իրենց կարծիքը կհայտնեն։ Եվ այս դեպքում, ավելի մեծ ներդրումներ կարվեն այն կոլեկտիվներին, որոնք իրոք արժանի են ոչ միայն ազգային, այլև համաշխարհային ճանաչման։

«Պետությունը պետք է կանգնի նման կոլեկտիվների թիկունքին և աջակցի, որպեսզի նրանք կարողանան իրենց մեծ ձեռքբերումներով  ներկայանալ աշխարհին որպես ազգային արժեք։ Այս քարքաշ վիճակից ու սպառողի դերից պետք է դուրս գալ ու որոշակի չափանիշների համապատասխանել։ Գուցեև դրսից պետք է մասնագետներ բերել և սա ամոթ չէ։ Կոնցերտ Գեբաու նվագախմբի կազմում երաժիշտների 15 տոկոսն են հոլանդացիներ, մյուսները՝ հրավիրյալ են, սակայն հարյուր հիսուն տարի նվագախումբը պահում է Հոլանդիայի պատիվը աշխարհի առաջ»։