Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մշակույթ

Օպերան քաղաքականություն չէ, այլ մոտեցում է. Էդ. Թոփչյանը՝ «Օթելլոյի» համերգային ներկայացման մասին (տեսանյութ)

«Օպերա եմ սիրում, սիրում եմ օպերային երգիչների հետ աշխատել և հնարավորինս փորձում են մեր ունկնդրին հնարավորություն տալ վայելել լավագույն երգիչների մասնակցությամբ համերգային ներկայացումները։ Սա քաղաքականություն չէ, այլ մոտեցում»,- ասում է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը։

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը համերգաշրջանը կավարտի Վերդիի «Օթելլո» օպերայի համերգային կատարմամբ։ Հուլիսի 29-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կհնչի երկու հանճարի՝ Շեքսպիրի և Վերդիի թանկարժեք գանձը։

Գլխավոր դերերում հանդես կգան միջազգային մեծ համբավ վայելող մեր հայրենակիցներ Արսեն Սողոմոնյանը՝ Օթելլո և Հրաչուհի Բասենցը՝ Դեզդեմոնա, որոնք այս դերերգերով հանդես են գալիս աշխարհի լավագույն բեմերում։

Էդուարդ Թոփչյանի խոսքով, գտել են այն հարմար ժամանակը, որ կարողանան այս հիանալի երգիչներին, նաև Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբին ու նվագախմբին մեկտեղ հավաքել, ու հավելում, որ 2006-ին «Օթելլոն» հնչել է ՀԱՖՆ-ի կատարմամբ, սակայն այս անգամ ավելի կատարյալ ներկայացում է լինելու։