Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+marzadproc 1
A A
Սպորտ

Չարենցավանի մարզադպրոցը պատրաստ է

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Գևորգ Լոռեցյանը Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի հետ աշխատանքային այցով եղել է Չարենցավանում եւ Բյուրեղավանում:

Ինչպես հայտնում է Կոտայքի մարզպետարանի պաշտոնական կայքը, փոխնախարարն ու մարզպետը նախ այցելել են Չարենցավանի «Արա Մանուկյանի անվան մանկապատանեկան մարզադպրոց», որն ամբողջովին նորակառույց շինություն է՝ երեք ընդարձակ և լուսավոր մարզադահլիճներով, օդափոխիչ համակարգով և լուսավորությամբ:

Մարզադահլիճի շինարարությունն ավարտվել է անցյալ տարի, ֆինանսավորել է ՀՀ Կառավարությունը՝ 1 մլրդ 100 մլն դրամի չափով: Այն ամբողջովին պատրաստ է շահագործման, հարկավոր է միայն լուծել գույքի և կահավորման հարցը: Շուրջ 30 մլն դրամի հայտն արդեն ներկայացված է Կառավարություն: Մարզադպրոցի բացումը նախատեսված է սեպտեմբեր ամսին:

Նրանք այնուհետեւ եղել են մարզադպրոցի հարևանությամբ գտնվող Քաղաքային մարզադաշտում, որտեղ իր մարզումներն է անցկացնում Չարենցավանի նորաբաց «Վան» ֆուտբոլային ակումբը: Վերջինիս գործադիր տնօրենն ու մարզիչը Կարեն Բարսեղյանն է:

Գևորգ Լոռեցյանն ու Ռոմանոս Պետրոսյանը Բյուրեղավանում այցելել են մանկապատանեկան մարզադպրոց, որտեղ ձյուդո, սամբո, ազատ ոճի ըմբշամարտ, բռնցքամարտ սպորտաձևերով մարզվում են 6-16 տարեկան շուրջ 365 երեխաներ: Պլանավորվել է մարզադպրոցի հարևանությամբ գործող Ս.Վարդանյանի անվան ավագ դպրոցի տարածքին կից (նախկին թիվ 3 դպրոց) չօգտագործվող մի հատվածը տեղափոխել մարզադպրոցի հաշվեկշիռ: 2020 թվականին կդիտարկվի պետական բյուջեով մարզադպրոցի շենքի հիմնանորոգման հարցը: