Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը պատրաստվում է աննախադեպ հաջողություն գրանցել (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը պատրաստվում է աննախադեպ հաջողություն գրանցել
Հյուրախաղեր արտերկրում, համերգներ մեծանուն մենակատարների հետ, ձայնագրություններ:
«Այն հաջողությունը, որ պատրաստվում է գրանցել հաջորդ համերգաշրջանում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, դեռ երբևէ չի ունեցել: Ավելին, շատ քիչ նվագախմբեր, և ոչ միայն Հայաստանում, այլև տարածաշրջանում կարող են խոսել նման ծրագրերի մասին»,- վստահ է նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը:
Նվագախումբը ելույթներ կունենա եվրոպական հայտնի համերգասրահներում: Դեռ բանակցային փուլում են և մանրամասների մասին ավելի ուշ կհայտնեն:
Նվագախումբը կհյուրընկալի աշխարհահռչակ կոմպոզիտորներ Գիա Կանչելիին, բրիտանացի կոմպոզիտոր և դիրիժոր Կարլ Ջենկինսին, աշխարհի լավագույն թավջութակահարներից՝ Մարիո Բրունելլոյին: Մեր Նարեկ Հախնազարյանը ևս հանդես կգա նվագախմբի հետ:
Որպես հրավիրյալ դիրիժոր, Սերգեյ Սմբատյանն այս տարի յոթանասունից ավելի համերգներ է ղեկավարելու աշխարհի լավագույն նվագախմբերի հետ:
«Սա կարևոր է նաև նվագախմբի համար, քանի որ շփումը պրոֆեսիոնալ երաժշտական դաշտում, կապեր է ստեղծում և կարողանում եմ ինչ-որ ձևաչափով ակտիվացնել նաև նվագախմբի գործունեությունը»,- ասում է նվագախմբի գեղարվեստական ղեկավարը: