Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Հայաստանը քաղաքական կամք է ցուցաբերել կոռուպցիայի դեմ պայքարում․ ԵՄ դեսպան

Հայաստանում Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկին, ամփոփելով իր դիվանագիտական առաքելությունը ՀՀ-ում, անդրադառնում է Հայաստանի կառավարության աշխատանքին և նշում՝ 2018թ․դեկտեմբերին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունները ժողովրդավարության զարգացման կարևոր նախապայմաններից են։

«Ժողովրդավարությունը միայն ընտրությունները չեն, բայց առաջին քայլը լավ ընտրություններն են։ Հայաստանը, վստահ եմ, աննախադեպ մակարդակ է ապահովել ժողովրդավարության զարգացման մեջ, մասնավորապես՝ վերջին ընտրություններով։ Ամեն ինչ սկսվում է ընտրություններից, և այդ առաջին քայլը դուք հաջողությամբ անցել եք, կարող եք հպարտանալ այն ամենով, ինչ տեղի է ունեցել Հայաստանում վերջին մեկ տարում»,- ասաց Պյոտր Սվիտալսկին։

Կոռուպցիայի դեմ պայքարում կառավարության աշխատանքը դեսպանը բավարար է գնահատում ։ «Հայաստանը քաղաքական կամք է ցուցաբերել կոռուպցիայի դեմ պայքարում։ Ամուր քաղաքական կամքն անհրաժեշտ պայման է, առանց որի կոռուպցիայի դեմ պայքարի առաջընթացը հնարավոր չէ։ Դուք այդ կամքը ունեք, դուք այդ քայլն արդեն ձեռնարկել եք։ Այն պետք է պահպանել ինստիտուցիոնալ կառույցներում, օրենքերի և հանրության վերաբերմունքի միջոցով»,- շեշտեց պարոն Սվիտալսկին։

Հայաստանի նոր կառավարությանը հաջողվել է նաև անպատժելիության մթնոլորտը վերացնել։ Սա, ըստ Եվրամիության դեսպանի, առաջին քայլն է՝ ուղղված բոլոր քաղաքացիների՝ օրենքի առաջ հավասար լինելուն։

«Որոշ մարդիկ անցյալում կարծել են, որ օրենքից վեր են։ Կարծում եմ՝ շատ կարևոր է սովորական քաղաքացիների համար, և վստահ եմ, որ նրանք մեծապես գնահատել են, որ ձերբազատվել են այն զգացումից, որ երկրում կան մարդիկ, որոնք օրենքից վեր են»,- հավելեց նա: