Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+neymar
A A
Սպորտ

Նեյմարը «պատերազմ» է հայտարարում «ՊՍԺ»-ի ղեկավարությանը

Ֆրանսիայի չեմպիոն «ՊՍԺ»-ի հարձակվող Նեյմարը ակումբի մարզական տնօրեն Լեոնարդոյի հետ հանդիպման ժամանակ կրկին հաստատել է, որ ցանկանում է հեռանալ թիմից:

Ինչպես նշում են լրատվամիջոցները, բրազիլացի գրոհայինը ցանկանում է վերադառնալ իր նախկին թիմ՝ «Բարսելոնա»: Իսպանիայի չեմպիոնն արդեն սկսել է «մոլորված ֆուտբոլիստի փրկության օպերացիան» եւ նրա դիմաց «ՊՍԺ»-ին առաջարկել է 40 մլն եվրո եւ եւս երկու ֆուտբոլիստ (Կոուտինյո, Ռակիտիչ): Փարիզից առայժմ պատախան չկա:

Հարկ է նշել, որ Նեյմարը ուշացումով է վերադարձել արձակուրդից եւ ընդամենը երեք օր է, որ գտնվում է գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելի տրամադրության տակ: Սակայն նա արդեն հրաժարվել է թիմի հետ մեկնել Դրեզդեն՝ ընկերական խաղի: Դա խոսում է այն մասին, որ բրազիլացի հարձակվողը «պատերազմ» է հայտարարում ֆրանսիական ակումբի ղեկավարությանը:

«ՊՍԺ»-ի պատասխանատուները պատրաստ են ազատվել «կամակոր աստղից», սակայն պայմանով, որ նրա դիմաց նվազագույնը կառաջարկեն 222 մլն եվրո փոխհատուցում, այսինքն՝ այնքան գումար, որքան որ ակումբը երկու տարի առաջ վճարել էր «Բարսելոնային»:

Ի դեպ, ժամանակակից ֆուտբոլում սա առաջին դեպքը չէ, որ ֆուտբոլիստը բոյկոտում է թիմի նախապատրաստական փուլը եւ պահանջում իրեն վաճառել: Նախկինում նման եղանակով իրենց ակումբները փոխել են բելգիացի դարպասապահ Տիբո Կուրտուան («Չելսիից» տեղափոխվել է «Ռեալ»), ֆրանսիացի պաշտպան Վիլյամ Գալասը («Չելսի» - «Արսենալ»), անգլիացի կիսապաշտպան Ռահիմ Ստեռլինգը («Լիվերպուլ» - «Մանչեսթեր Սիթի»), արգենտինացի հարձակվող Կառլոս Տեւեսը («Մանչեսթեր Սիթի» - «Յուվենթուս»):