Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+aronyan 13.07.
A A
Սպորտ

ՖԻԴԵ-ի Գրան Պրի. Լեւոն Արոնյանը ոչ-ոքի ավարտեց դասական շախմատի պարտիաները

Ռիգայում մեկնարկել է ՖԻԴԵ-ի Գրան Պրիի 2-րդ փուլը: Այն, ինչպես 1-ին փուլը, նույնպես անցկացվում է նոկաուտ մրցակարգով:

Հայաստանի առաջատար շախմատիստ Լեւոն Արոնյանը 1/8 եզրափակիչում մրցում է չինացի գրոսմայստեր Յույ Յանյիի հետ: Դասական շախմատի երկու պարտիաներից հետո ընհանուր հաշիվը հավասար է՝ 1:1: Առաջին պարտիայում Լեւոն Արոնյանը չկարողացավ իրացնել սպիտակ խաղաքարերի առավելությունը, իսկ երկրորդում սեւերով բավականին արագ հաշտություն կնքեց մրցակցի հետ:

Այդպիսով, հաղթողը կորոշվի վաղը կայանալիք թայ-բրեյքում: Կողմերը նախ կանցկացնեն արագ շախմատի երկու պարտիա: Հավասար արդյունքի դեպքում նրանք հարաբերությունները կպարզեն արդեն կայծակնային շախմատում: Եթե այդ դեպքում էլ հայտնի չդառնա հաղթողը, ապա կնշանակվի «արմագեդոն» (սպիտակները պետք է անպայման հաղթանակ տանեն, իսկ սեւերին ձեռք է տալիս նաեւ ոչ-ոքի արդյունքը):

Հավելենք, որ ՖԻԴԵ-ի Գրան Պրին բաղկացած է չորս փուլից: Շախմատիստներից յուրաքանչյուրը կարող է մասնակցել միայն երեք փուլի: Ընդհանուր հաշվարկով 1-2-րդ տեղերը գրաված շախմատիստները հաջորդ տարի իրավունք կստանան մասնակցելու աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարին: