Բացել լրահոսը Փակել լրահոսը
67072253_387307985240267_2300347830486695936_n
A A
Հասարակություն

«Երեխաներին նստեցնում են իրենց գիրկը, Ֆեյսբուքով լայվ անում ու մեքենա վարում» (տեսանյութ)

Վերջին շրջանում տեղի ունեցած ողբերգական ավտովթարներից հետո  քննադատություններ եղան, որ Ճանապարհային ոստիկանությունը իր գործառույթները լավ չի իրականացնում, վարորդները չեն տիրապետում երթևեկության կանոններին:

«Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպության  համահիմնադիր Սերգեյ Ղահրամյանը  նշում է, որ 2018թ․ երկրում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններից հետո պատահարների թիվը զգալիորեն ավելացել է:

«Շատ վարորդներ իրենց ազատություն տվեցին, որը ոստիկանության մեղմ քաղաքականության հետևանքով դարձավ շարունակական անպատժելիություն: Այն, ինչ կատարվում է փողոցներում, ամբողջ համակարգի  թերի կամ սխալ աշխատանքի հետևանք է»,- ընդգծում է նա:

Որպեսզի պատահարներ չլինեն, Սերգեյ Ղահրամյանն առաջարկում է հատուկ հայեցողակարգ մշակել:

«Նախկինում՝ Սերժ Սարգսյանի ժամանակ, եղել է հայեցողակարգ, որն աշխատել է մինչև 2016 թվականը: Հատկանշական է, որ 2016-ին վերջին տասնամյակում մենք ունեցանք ամենաքիչ թվով զոհերը՝ 267-ը: Սակայն դա միայն հայեցողակարգի գործունեության արդյունքը չէր,  այդ ժամանակ խստացումներ եղան՝ տեսախցիկներ ավելացրեցին»,- ասաց նա:

Հայեցողակարգ մշակելու համար մեծ ջանքեր պետք չեն, Սերգեյ Ղահրամյանի խոսքով՝ կարելի է օգտվել միջազգային փորձից։ Օրինակ՝ Շվեդիայում կա «Զրոյական մահացությունների հայեցողակարգ»: Թեև  դրանով ճանապարհատրասնպորտային պատահարների քանակը զգալիորեն  չի  պակասում, բայց զոհերի թիվն է նվազում: 

«Շվեդիայում մեքենաների քանակի ավելացմանը զուգընթաց՝ մահացությունները 16 տարիների (1997-2013) ընթացքում  կրկնակիից ավել նվազել են: Նրանք նպատակակետեր են դրել, որպեսզի հասնեն զրոյական մահացություններով ճանապարհատրասնպորտային պատահարների»,- ընդգծեց նա:

Առաջարկի հետ, որ բոլորը պետք է քննությունները վերահանձնեն՝ վարորդական իրավունք ստանալու համար՝ այդկերպ խուսափելով ճանապարհատրանսպորտային վթարներից, նա համաձայն չէ: Կարծում է, որ եթե վարորդը թույլ է տալիս կանոնների խախտում, ապա դա չի վկայում նրա մասին, որ նա վարորդական իրավունքը գնել է:

 «Դա կապված է վարորդի գիտակցության մակարդակով: Այսօր տեսնում ենք մարդկանց, որոնք երեխաներին նստեցնում են իրենց գիրկը և Ֆեյսբուքով լայվ են անում ու վարում: Ցավալին այն է, որ համապատասխան մարմինների կողմից որևէ արձագանք չկա», - ասաց նա՝ հավելելով․

«Դու վարորդական իրավունք ունե՞ս, թե՞ չէ, մեկ է, այդ մարդը խախտում է կանոնները, ինչքան էլ որ իսկապես քննությունով է ստացել: Ընդ որում՝ այդ խախտումները անողը տիրապետում է կանոններին, գիտակցաբար են այդ ամենը անում»: