Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կոմիտասյան և թումանյանական շունչ՝ «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում (տեսանյութ)

Մշակույթ
garni

Կոմիտասյան խմբերգային գոհարներ, Թումանյանի բանաստեղծություններով գրված մեներգեր, ռոմանսներ, խմբերգեր,  հատվածներ «Անուշ» օպերայից կհնչեն Հայաստանի պետական կամերային երգչախմբի, Հայաստանի պետական կամերային նվագախմբի, «Հովեր» պետական կամերային երգչախմբի կատարմամբ հուլիսի 14-ին, երեկոյան «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում: 

Կամերային երաժշտության ազգային կենտրոնի տնօրեն Նորայր Նազարյանի խոսքով, այս միջոցառումը Կոմիտասի և Հովհաննես Թումանյանի 150-ամյա հոբելյաններին նվիրված ամենամեծ ծրագրերից է:  Համերգը կազմակերպել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և Կամերային երաժշտության ազգային կենտրոնը։

Մուտքը տոմսերով է: 850 նստատեղ, արժեքը հինգ հազարից՝ տասնհինգ հազար դրամ:

 «Կարծում եմ, որ նման միջոցառման համար, սա թանկ գին չէ»,- ասում է Նորայր Նազարյանը: Զբոսաշրջային  գործակալություններին հետաքրքրել է միջոցառումը և կազմակերպիչներն ակնկալում են մեծ թվով զբոսաշրջիկների:

Տարին հոբելյանական է և Կամերային երաժշտության ազգային կենտրոնը դեռ տարբեր միջոցառումներ է կազմակերպելու: Մասնավորապես, սեպտեմբերի 29-ին Էջմիածնի նորակառույց վեհարանում ելույթ կունենան Հայաստանի պետական կամերային երգչախումբը և Հայաստանի պետական կամերային նվագախումբը՝ Ռոբերտ Մլքեյանի ղեկավարությամբ: