Դա կազմակերպված շանտաժ էր. թափառող կենդանիների վնասազերծման կենտրոնի տնօրեն (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԹափառող կենդանիների վնասազերծման կենտրոնի տնօրեն Արմեն Բեգոյանը, անդրադառնալով այսօր ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանի ֆեյսբուքյան գրառմանն այն մասին, որ ՀՈԱԿ-ում շներին վատ պայմաններում են պահում, նշեց, որ դա հերյուրանք է։
Նրա մոտ տպավորություն է ստեղծվում, որ դա կազմակերպված շանտաժ էր՝ սեւացնելու քաղաքապետարանի և ՀՈԱԿի աշխատանքը։ Նրա հավաստմամբ՝ ՀՈԱԿ-ի պայմանները կատարյալ չեն, սակայն իրենք կարողացել են կատարել աննախադեպ աշխատանք։
«Քաղաքապետը հայտարարեց՝ այլևս վերջ է դրված թափառող շների սպանդին։ Եվ քանի որ վերջին տարիներին այդ ուղղությամբ ոչինչ չի արվել, խնդիրը հրատապ լուծում էր պահանջում։ Այդ իսկ պատճառով շների վիրահատությունը, ախտորոշումը իրականացվել է Ագրարային համալսարանի կողմից անվճար տրամադրված անասնաբուժական վիրահատարաններում, մինչեւ նոր տարածք տեղափոխվելը»։
Արմեն Բեգոյանը նշեց, որ օրական 20-24 վիրահատություն է իրականացվում՝ նախկին 5,7 վիրահատության փոխարեն, և շաբաթական վիրահատվում է մոտավորապես 100 շուն, ապա՝ բաց թողնվում իրենց տարածքներ։
«Գերագույն խնդիր է սպասարկել թափառող շներին և հնարավորինս անվնաս դարձնել։ Շները ոչ միայն հետազոտվում են, այլ համապատասխան ախտորոշում է իրականացվում, և այն կենդանիները, որոնք իրենց վարքագծով և համաճարակային պատկերով չեն համապատասխանում ազատ միջավայրին, բաց չեն թողնվում»։
Արմեն Բեգոյանն ավելացրեց, որ ունեն ամբողջական նախագիծ, որը պատրաստ կլինի աշնանը եւ որով մոտավորապես 100 շան համար նախատեսված է կացարանային պայմանների ապահովում։