Նորմալ է, որ չինովնիկի աշխատավարձը բարձրանալու է. Վահագն Խաչատրյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՏնտեսագետ Վահագն Խաչատրյանը ողջունում է թե՛ Կառավարության, թե՛ Ազգային ժողովի նախագծերը, որոնցով նախատեսվում է նվազագույն աշխատավարձը բարձրացնել: Նա ընդգծում է՝ եթե կա նվազագույն աշխատավարձ, ապա այն պետք է համապատասխանի միջազգային չափորոշիչներին, ըստ որոնց՝ նվազագույն աշխատավարձը պիտի կազմի միջին աշխատավարձի 38-48%-ը:
«Երբ որ նայում եմ այսօրվա միջին աշխատավարձին, և 38 %-ը կազմում է 67, 200 դրամ, այսինքն՝ բերել եք, հավասարեցրել դրան, ինչը շատ ճիշտ որոշում է»,- ասում է Վահագն Խաչատրյանը:
Նշենք, որ Կառավարությունն առաջարկում է նվազագույն աշխատավարձը 55 000 դրամից դարձնել 68 000 դրամ, իսկ ԱԺ-ն՝ 55 000-ից 63 000 դրամ:
Տնտեսագետը թվեր ներկայացրեց, ըստ որոնց՝ վերջին 6 տարիների ընթացքում Հայաստանում աշխատավարձը բացարձակ արժեքով պակասել է:
«2013 թվականից այս կողմ աշխատավարձի բացարձակ թիվը փոքրացել է: 2013-ին համավճարային հաշվեկշիռը 1 000 000 000 դոլարի չափ էր դոլարային արտահայտությամբ աշխատավարձը: 2017-ին 680 000 000 է դարձել, 2018-ին մի քիչ շատացել է, այսինքն՝ մեզ մոտ աշխատավարձը բացարձակ արժեքով պակասել է»,- նշում է նա:
Վահագն Խաչատրյանը մտահոգիչ չի համարում, որ նվազագույն աշխատավարձի բարձրացումը ինքնաբերաբար կբերի նաև բազային աշխատավարձերի բարձրացման, ինչի արդյունքում էլ պետական պաշտոնյանների աշխատավարձերը կբարձրանան:
«Պետական պաշտոնյաններն էլ նույն քաղաքացիներն են, իհարկե, կարող են օրենքով սահմանափակում դնել, բայց չեմ կարծում, որ դրանից պետք է վատ զգալ։ Որ չինովնիկի աշխատավարձը բարձրանալու է, նորմալ է: Որպես քաղաքացի՝ մեզ հետաքրքրում է, որ չինովնիկների աշխատանքի որակը բարձրանա»,- ասում է տնտեսագետը: