Եղվարդում գործող ՓԲԸ-ի տարածք քաղաքացիները ներխուժել և բնակվել են առանց իրավունքի. փաստաբան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱրդեն մի քանի օր է, Կառավարության դիմաց նստացույց են անում Եղվարդ քաղաքում բնակվող մի խումբ բնակիչներ, որոնք հայտարարել են, որ Եղվարդի խճուղի 11 հասցեում գտնվող հասցեից իրենց հանել են:
Նշենք, որ այդ տարածքը պատկանում է Եղվարդում գործող «Գյուղատնտեսական մեքենայացման էլեկտրիֆիկացման գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ին, որն այդ տարածքը սեփականաշնորհել է դեռևս 2004 թվականից և ունի սեփականության իրավունք:
Հարցի առնչությամբ «Ա1+»-ը զրուցեց այդ կազմակերպության ներկայացուցիչ, փաստաբան Արշակ Կարապետյանի հետ: Վերջինս տեղեկացրեց, որ մոտ մեկ տարի առաջ վերը նշված բնակիչները, առանց որևէ փաստաթղթերի, առանց որևէ հիմքերի, առանց սեփականության իրավունքի, ներխուժել են այդ ընկերության տարածքում գտնվող մեկ մասնաշենք և բնակություն հաստատել այնտեղ:
«Ես ինքս այս տարի մայիսի 25-ին համապատասխան դիմում ներկայացրեցի Եղվարդի ոստիկանություն, խնդրեցի, որպեսզի օրենքի և Կառավարության որոշման համապատասխան ընթացակարգով, սեփականության իրավունքի նկատմամբ ներխուժումը վերացվի, և այդ բնակիչներին հանեն տարածքից: Ոստիկանությունն այցելել է այնտեղ, ինձ զանգեցին և ասացին, որ բնակիչները ժամանակ են խնդրում, որպեսզի կարողանան իրենց գույքը դուրս բերել և իրենց խնդիրները կարգավորեն ու դուրս գան: Դրանից առաջ բազմիցս առաջարկներ, հորդորներ եղել են, որ դա ընկերությանն է պատկանում, դա բնակելի տարածք չէ, պետք է այլ նշանակության ծառայի, և իրենք որևէ իրավունք չունեն: Դրանից հետո մեկ ամիս ժամկետ ենք տվել, որ դուրս գան, սակայն դուրս չեն եկել տարածքից: Եվ ոստիկանությունը ստիպված եղավ հունիսի 25-ին տեղահանման համապատասխան միջոցառումների իրականացման ընթացքում հանել նրանց այդ տարածքից», ասաց Արշակ Կարապետյանը:
Վերջինս նաև տեղեկացրեց, որ ընկերության ղեկավարության կողմից առաջարկ է եղել այդ քաղաքացիներին վերաբնակեցնել այլ տարածքում՝ զուտ մարդասիրական սկզբունքներից ելնելով, բացի դա, առաջարկվել է նաև մեկ տարի ժամկետով իրենց անձնական միջոցների հաշվին վարձակալել բնակարաններ, որպեսզի նրանք գնան և բնակվեն այնտեղ, սակայն մերժում են ստացել:
Խոսելով նաև ոստիկանության այդ օրվա գործողությունների մասին՝ Արշակ Կարապետյանն ասաց, որ ոստիկանները գործել են բացառապես օրինական, և որևէ տեսակի իրավունքի խախտում կամ անտեղի բռնություն չի եղել:
Նա նույնիսկ նշեց, որ կարելի է ասել՝ հակառակ տեսարանն էր:
Արշակ Կարապետյանի խոսքերով՝ այս մեծ աղմուկ բարձրացրած միջադեպը որևէ ձևով անձանց իրավունքների ոտնահարման կամ անձանց բնակության վայրից անօրինական զրկելու հիմքեր չունի: