Աննա Մարգարյանը չընտրվեց ԲԴԽ անդամ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր ԱԺ-ն քննարկում էր Բարձրագույն դատական խորհրդի անդամի ընտրության հարցը:
Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանը հրավիրվել էր պատգամավորների նախաձեռնությամբ: Նիստը վարում էր ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը: ԲԴԽ անդամին ներկայացրեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:
ԲԴԽ անդամի թեկնածուն իրավաբան Աննա Մարգարյանն էր:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը Լիլիթ Մակունցից հետաքրքրվեց, թե ի՞նչ սկզբունքով և ինչպե՞ս է խմբակցությունը որոշել ԲԴԽ անդամի թեկնածու առաջադրել հենց Աննա Մարգարյանին։
«Եթե հիշում եք, ես նախորդ անգամ ներկայացրի, թե ինչ սկզբունքով են առհասարակ թեկնածուները դիտարկվում: Նույնը վերաբերվում է իհարկե Աննա Մարգարյանին: Մեր պետաիրավական հանձնաժողովում «Իմ քայլը» խմբակցության իրավաբաններից աշխատանքային խումբ է ձեւավորված եղել, ովքեր կազմել են որոշակի ցանկ»,-ասաց Լիլիթ Մակունցը:
ԲԴԽ թեկնածու Աննա Մարգարյանն իր ելույթում նշեց, որ բոլորս մեկ խնդիր ունենք՝ ապահովել արդարադատության ոլորտի անկախ, արդյունավետ, անաչառ, ինքնուրույն գործունեությունը:
«Կարծում եմ, որ Բարձրագույն դատական խորհրդի առաքելությունը պետք է լինի հնարավորություն տալ դատական համակարգին արդյունավետ աշխատել, նաեւ իրականացնել այն գործընթացը, որը վերաբերում է բնակչության շրջանում դատական համակարգի հանդեպ վստահության բարձրացմանը»,-իր ելույթում նշեց Աննա Մարգարյանը:
ԲԴԽ անդամի թեկնածու Աննա Մարգարյանը չընտրվեց: Հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը հայտնեց, որ քվեարկությանը ԱԺ 132 պատգամավորներից ընտրությանը մասնակցել է 85-ը: Կողմ 66, դեմ 19 ձայների հարաբերակցությամբ Աննա Մարգարյանը չընտրվեց ԲԴԽ անդամ: