Եթե մենք դասեր չքաղենք, այս թավշյա հեղափոխությունը մեր կողմից կդառնա թավշյա հեռացում. Սասուն Միքայելյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱԺ «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը, մի քանի օր նիստերին չմասնակցելուց հետո, այսօր եկել էր խորհրդարան:
Պատգամավորի չներկայանալը, ըստ լուրերի, կապված էր Աբովյան քաղաքի ընտրությունների, Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի հետ հարաբերություններով:
Այսօր լրագրողների հետ զրույցում Սասուն Միքայելյանն անդրադարձավ նաեւ իր մանդատը վայր դնելու լուրերին, ասաց՝ մանդատը վայր չի դնելու:
Պատգամավորը հայտնեց, թե ինչու Աբովյանի ընտրություններին չի սատարել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Գրիգոր Գուլյանին, պարզապես չի ցանկացել խառնվել ընտրություններին:
«Ռոմանոս Պետրոսյանը ցանկացել է մարզում դեմք դառնալ, թեկնածու է բերել, ներկայացրել վարչության նիստին, ես դեմ եմ քվեարկել: Երկրորդ անգամ, երբ արդեն հաստատված թեկնածու պետք է առաջադրվեր ՔՊ-ի կողմից, ես նորից դեմ եմ քվեարկել էդ թեկնածուին: Ես չեմ խառնվել ընտրություններին, չեմ միջամտել ընդհանրապես, այսինքն՝ պահել եմ ՔՊ-ի ամեն ինչը՝ կարգ ու կանոնը։ Դրան գումարած՝ ես առաջարկել եմ, ասել եմ, որ ճանաչում եմ Գրիգորյանին՝ ներկայիս քաղաքապետին: Ես ասել եմ, որ պետք չէ տանել ցնցումների՝ ինքը շատ կիրթ, նորմալ երիտասարդ է, այն քաղաքապետներից է, որ բյուջեն կատարել է 100-104 տոկոսով: Այսինքն՝ բյուջեն գերակատարել է: Այսօր ՀՀ-ում նման բան չի եղել, և դա պետք չէ բերել ուրիշ դաշտ: Սա է եղել ընդհանուր իրավիճակը, որ ես չեմ խառնվել ընդհանրապես։ Ես ՔՊ-ին թիկունքից չեմ խփել, որևէ մեկի չեմ ասել, որ պետք է գնաք, ընտրեք գործող քաղաքապետին: Աբովյանում ՔՊ-ն պարտվեց հենց Ռոմանոսի միջոցով: Ինքը անձնավորեց իր դերակատարությունը Աբովյանի ընտրություններում, եւ եթե վարչապետը չգար Աբովյան, ի՞նչ էր կատարվելու:
Ռոմանոսը ակտիվ չի էլ եղել թավշյա հեղափոխությանը, եւ եթե մենք դասեր չքաղենք, այս թավշյա հեղափոխությունը մեր կողմից կդառնա թավշյա հեռացում»,-ասաց Սասուն Միքայելյանը:
Սասուն Միքայելյանը նշեց նաեւ, որ այս իրավիճակը չի դեռ չի քննարկել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, բայց կքննարկեն: