Էկոնոմիկայի նախարարության խոսնակին որպես վկա հարցաքննության են հրավիրել
Աջակցիր «Ա1+»-ին«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը 2019 թ. հունիսի 26-ին գրառում էր կատարել՝ նշելով, թե ով է իր հասցեին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում մահվան սպառնալիքով գրառում կատարել:
2019 թ. մարտի 23-ին, պատգամավորի գրառմամբ, իր հասցեին ՖԲ օգտատեր Ռոբերտ Ավագյանը մահվան սպառնալիքով գրառում էր կատարել։ Պատգամավորը դիմել է ոստիկանություն։
Հունիսի 25-ին «Ա1+»-ի հետ զրույցում Քննչական կոմիտեի խոսնակ Նաիրա Հարությունյանն ասել էր, որ քրեական գործ է հարուցվել պատգամավորի հաղորդման հիման վրա, և հաստատել, որ այս գործի շրջանակներում վկայի կարգավիճակով հարցաքննության է հրավիրվել «Ադեկվադ» հասարակական կազմակերպության ղեկավար Արթուր Դանիելյանը:
Նույն օրը Դանիելյանը գնացել էր Արաբկիրի քննչական բաժին, սակայն քննիչը տեղում չէր եղել: Եվ հաջորդ օրվա հարցաքննություննից հետո ֆեյսբուքյան տեսաուղերձով հաստատել էր այդ տեղեկությունը;
Հունիսի 25-ին Սահմանադրական դատարանի դիմաց տեղի ունեցած ակցիայի ժամանակ ՎԵՏՕ նախաձեռնության ղեկավար Նարեկ Մալյանը հայտարարել էր, որ նույնպես հարցաքննվել է այս գործի շրջանակներում:
Այսօր հայտնի դարձավ, որ Էկոնոմիկայի նախարարության խոսնակ Աննա Օհանյանը նույնպես հարցաքննվել է այս գործի շրջանակներում: «Ա1+»-ի հետ հեռախոսազրույցում նա ասաց, որ վկայի կարգավիճակով է հարցաքննվել, սակայն մանրամասներ չնշեց՝ ելնելով նախաքննական գաղտնիքից: