«Հավելյալ պաշտպանության կարիք կունենա՞ք, եթե Ձեր որոշումները բախվեն օլիգարխների շահերին»
Աջակցիր «Ա1+»-ինԽորհրդարանում շարունակվում է տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամի թեկնածու Կարեն Սեդրակյանի ընտրության հարցը:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը, դիմելով ՏՄՊՊՀ անդամի թեկնածու Կարեն Սեդրակյանին, հիշեցրեց, որ նույնիսկ հեղափոխությունից հետո շուկայում շարունակում են գործել գերիշխող դիրք զբաղեցնող ընկերություններ՝ ցորենի, ալյուրի, ձեթի, շաքարավազի շուկաներում։
«Արդեն հարմարվել ենք այդ իրողության հետ, այդ ապրանքներն արդեն բնական մենաշնորհների տիրույթ ենք տեղափոխել։ Ինչպե՞ս եք լուծելու այս խնդիրը ու ինչպե՞ս եք տրոհելու ներկրողներին»,- Արման Բաբաջանյանը հարցն ուղղեց Կարեն Սեդրակյանին:
«Պետությունը իր գործառույթները իրականացնում է: Պետությունը բոլոր հնարավոր խոչընդոտները փորձում է վերացնել: Շուկան ազատ է, ով ուզում է, թող ապրանք ներմուծի: Մնացյալ կառույցերի կողմից հսկողություն է իրականացվում այսօր, և ստեղծվում են հավասար պայմաններ, որպեսզի կոնկրետ տնտեսվարողներ կարողանան մուտք գործել շուկա»,- պատասխանեց Կարեն Սեդրակյանը:
Հարցի պատասխանը չբավարարեց Արման Բաբաջանյանին: ԼՀԿ-ական պատգամավորը նաև հետաքրքրվեց. «Դուք պատկերացնո՞ւմ եք, որ ինչ-որ պահի կարող է Ձեր որոշումները բախվեն ազդեցիկ և օլիգարխների շահերին, դուք Ձեզ պաշտպանված զգո՞ւմ եք , արդյոք հավելյալ պաշտպանության կարիք կունենա՞ք»։ Ի պատասխան հարցի՝ Կարեն Սեդրակյանն ասաց, որ մինչ օրս պաշտպանության խնդիր չի ունեցել, իսկ որպես ՏՄՊՊՀ անդամ որոշումներ կայացնելիս կաշկանդված չի լինելու: