Բացել լրահոսը Փակել լրահոսը
Untitled
A A
Հասարակություն

«Ասֆալտին փռել» արտահայտությունը ատելության խոսքի հաճախ հանդիպող դրսևորումներից է. զեկույց

«Հնարավոր է, որ ատելության խոսքի քարոզը դառնա ՀՀ օրենսդրական կարգավորման մաս»,- նշեց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը՝ «Ատելության խոսքի հաղթահարման ուղիները» համաժողովի ընթացքում:

Արձագանքելով հայաստանյան առցանց տիրույթում առկա ատելության խոսքի քարոզի վերաբերյալ Եվրամիության իրականացրած ուսումնասիրությանը՝ նա նշեց, որ հաճախ ինչ-որ մեկին ուղղված ատելության խոսքը, վիրավորանքը իրականում ունենում է մեկ այլ հասցեատեր՝ քաղաքական դաշտից:

«Երբ տեսնում ենք քարոզչություն սեռական փոքրամասնությունների դեմ, իրականում, երբ ուսումնասիրում ենք կոնտեքստը, տեսնում ենք, որ դա թիրախում ունի իշխանություններին: Նույնը կարող է լինել կրոնական հասցեատիրոջ դեպքում»,-ասում է Բորիս Նավասարդյանը:

Ըստ զեկույցում հրապարակված հետազոտության՝ ատելության խոսքի հաճախ հանդիպող դրսևորումներից է «ասֆալտին փռել» արտահայտությունը:

«Շատ տխուր է, որ վարչապետի խոսքը՝ «ասֆալտին փռելը», դարձել է ատելության խոսք: Դա ընկալում ես որպես իշխանական խոսք, որը չպիտի հնչեր և չպիտի դառնար ատելության խոսք»,- կարծում է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը:

«Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնի նախագահ Ստեփան Դանիելյանի խոսքով՝ քաղաքացիական հասարակությունը, որ արձագանքում է «ասֆալտին փռել» արտահայտությանը, հաճախ չի արձագանքում իսկապես կարևոր իրադարձությունների։

«Մտահոգիչ պահ՝ ծիտը թռնում է, քաղաքացիական հասարակությունն արձագանքում է: Բայց այստեղ ես տեսնում եմ կողմնապահություն,քանի որ երբ պետք է լինում արձագանքել, չեն արձագանքել: Արդյունքում քաղաքացիական հասարակության խոսքը արժեզրկվում է»,- նշում է Ստեփան Դանիելյանը:

Ուշադրություն է հրավիրում նաև, այսպես կոչված, «ֆեյքերի ֆերմաների» առկայությանը:

«Այստեղ նույնպես շատ լուրջ ուսումնասիրություններ կարող են լինել՝ լավ փորձագետներով,  ծրագրավորողների խմբերով՝ հայտնաբերելու այդ մարդկանց:
Պետք է նկատել, որ որքան քաղաքական քննարկումները բարդանում են, այնքան ֆեյքերի ինտելեկտը չի բավականացնում՝ համապատասխան ձևով արձագանքելու, և նրանք խաղից դուրս են գալիս»: