Բացել լրահոսը Փակել լրահոսը
MHM0130601
A A
Քաղաքականություն

ԲՀԿ-ականները հրաժարվում են գնահատական տալ Ռոբերտ Քոչարյանի կալանավորմանը (տեսանյութ)

Ռոբերտ  Քոչարյանի կալանավորմանը «Բարգավաճ Հայաստան»  խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը  գնահատական չի տալիս՝ նշելով, որ  հարցը իրավական է, և երբ այն հանգուցալուծվի, խմբակցությունը գնահատական կտա:

Այս մասին նա ասաց խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ:

Հարցին, թե ի՞նչ վերաբերմունք ունի խմբակցությունը Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանի ուշագրավ հայտարարության հետ կապված՝ պատգամավորը աշխարհացունց որակեց այն, քանի որ Վահե Գրիգորյանը ժամանակին էլ ասել էր, որ ՀՀ 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանը ոչ լեգտիմ նախագահ է, բայց նրա կողմից 2 անգամ առաջադրվել է ՍԴ դատավորի թեկնածու:

«Մենք ունենք կոնկրետ օրենսդրական կարգավորումներ՝ այս հարցի հետ կապված  և դրանից դուրս այս պահին որևէ հարց չենք դիտարկում»,- ընդգծեց ԲՀԿ-ական պատգամավորը:  

Երեկ՝ հունիսի 25-ին, Ռոբերտ Քոչարյանը մինչև կտեղափոխվեր «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ,  ի պատասխան լրագրողների հարցերին՝ ասել էր՝ «Ո՛չ օրենք կա, ո՛չ էլ օրինականություն»: Քոչարյանի այս հայտարարության վերաբերյալ «Բարգավաճ Հայաստան»  խմբակցությունը մեկնաբանություն չտվեց: Պատգամավոր Վահե Էնֆիաջյանն ասաց, որ որևէ ասածը չի պատրաստվում մեկնաբանել և ապագայում էլ չի մեկնաբանելու: Ի հավելումն Էնֆիաջյանի՝ Իվետա Տոնոյանն ընդգծեց.

«Դա երկրորդ նախագահի կարծիքն է, որը գոյություն ունենալու իրավունք ունի: Օրինականության հետ կապված մենք մեր դիրքորոշումն արտահայտել ենք, մասնավորապես՝ օրենքի առաջ բոլորը հավասար են, և պետք է բացառապես այս հարթության մեջ դիտարկել բոլոր գործընթացները»: 

Ինչ վերաբերում է խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանին, որը օրեր առաջ հրաժարականի դիմում էր ներկայացրել, ապա Վահե Էնֆիաջյանն ասաց, որ ինքը դիմում չի տեսել, միայն ֆեյսբուքյան գրառման մասին է տեղյակ: