Բացել լրահոսը Փակել լրահոսը
Untitled
A A
Հասարակություն

Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը վատացավ. նիստն ընդմիջվեց

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի «Կենտրոն և Նորք Մարաշ» նստավայրում, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, տեղի է ունենում ԵԿՄ նախկին նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստը։

Գրիգորյանը դատական նիստին եկել է անվասայլակով, ներկա է նաև Նազիկ Ամիրյանը։

Փաստաբանական խմբի անդամ Կարեն Քամալյանն իր ելույթում հայտարարեց, որ ներկայացվելիք նյութերում առկա են պետական գաղտնիք պարունակող փաստեր, որոնք կապված են ԵԿՄ մասնակցությանն Ապրիլյան պատերազմին և միջնորդեց դատական նիստը դռնփակ անցկացնել։ Մեղադրող կողմը դեմ արտահայտվեց՝ փաստելով, որ այն ժամանակավրեպ է։ Դատարանը լսեց կողմերին և մերժեց միջնորդությունը։

Փաստաբանները միջնորդություն ներկայացրեցին, որպեսզի հանվի իրենց պաշտպանյալի կենսաթոշակային հաշվի վրա դրված արգելանքը, ինչը դատարանը բավարարեց։

Մեղադրող կողմը ներկայացնում էր առաջադրված մեղադրանքը, ինչի ժամանակ Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանն ասաց, որ իր պաշտպանյալի առողջական վիճակը կրկին վատացել է, և դատավորը 30 րոպե ընդմիջում հայտարարեց, որպեսզի վերջինիս բժշկական օգնություն տրամադրվի։

Դատական նիստը հետաձգվեց։ Այն կշարունակվի հուլիսի 2-ին, ժամը 12։00-ին։