Բացել լրահոսը Փակել լրահոսը
_TM_4052
A A
Հասարակություն

Բիզնեսում մենք աշխատում ենք Կառավարությանը չծանրաբեռնել․ ՀՀԿ-ական նախկին պատգամավորը՝ վարչապետին

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Դիլիջանում մեկնարկել է  «Իմ քայլը հանուն Տավուշի մարզի» խորագրով ֆորում-ցուցահանդեսը։ Ֆորումին մասնակցող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս պահին շրջում է և զրուցում ցուցահանդեսի մասնակիցների հետ։ Քիչ առաջ նա մոտեցավ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, գարեջուր արտադրող Հակոբ Հակոբյանի տաղավարին։ Վերջինը վարչապետին գարեջուր հյուրասիրեց և կարճատև զրույց ունեցավ գարեջրի արտադրանքի ծավալների ու հեռանկարի մասին։

Հակոբ Հակոբյանը ներկայացրեց, թե ինչ տեսակի գարեջուր է ներկայացված, և Նիկոլ Փաշինյանը նախընտրեց խմել ցորենի գարեջուրը։

Հակոբ Հակոբյանը տեղեկացրեց, որ Գյումրիում սկսել են կառուցել ածիկի գործարան։ Վարչապետը հետաքրքրվեց, թե ինչ խնդիր կար՝ այդ գործարանի հետ կապված։ Հակոբ Հակոբյանն էլ տեղեկացրեց, որ սարքավորումների 90 տոկոսը բերել են, 10 տոկոսի հետ կապված ոչ մեծ խնդիր կա։ Վարչապետը հարցրեց, թեԿառավարության հետ կապված ինչ խնդիր կա, ինչին ի պատասխան՝ Հակոբ Հակոբյանն ասաց․

«Բիզնեսում մենք աշխատում ենք Կառավարությանը չծանրաբեռնել։ Եթե ԱԱՀ-ի հետ կապված հարց է լինում,  դիմում ենք, ուրիշ հարցով` չէ»։

Այնուհետև նրանց զրույցին միացավ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, որն ասաց, որ այս արտադրությունը Հայաստանի ամենաժամանակակից արտադրությունն է այս պահին՝ իր տեխնոլոգիական հնարավորություններով և ունի մինչև 4-5 անգամ մեծանալու հնարավորություն։

Հակոբ Հակոբյանը նաև տեղեկացրեց, որ սպառման ծավալներն ավելանում են, բայց քանի որ արտադրությունը նոր է՝  3-5 տարի պետք  կլինի, որ ծավալը մեծանա, և իրենք որքան  ուզենան՝ կմեծացնեն։ Նա նաև տեղեկացրեց, որ այս պահին այդ ոլորտում  աշխատում է 120 աշխատող Դիլիջանում և մոտ 40 հոգի Երևանում՝ վաճառքի գծով։

Զրույցի վերջում վարչապետն ասաց, որ շատ կարևոր է ածիկի գործարանի կառուցումը։ Այս պահին գարեջրի ածիկը  բոլորը դրսից են բերում։