Բացել լրահոսը Փակել լրահոսը
Untitled
A A
Հասարակություն

Որևէ մեկը չհամարձակվի թթու խոսք ասել տուժողներին. պաշտպան

Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը, բերված բողոքների վերաբերյալ բերելով իր հակափաստարկները, ասաց, որ միայն այն հանգամանքը, որ իր պաշտպանյալ Յուրի Խաչատուրովը հանդիսացել է կայազորի պետ, հիմք է տվել վարույթն իրականացնող մարմնին, որ նրա նկատմամբ վարույթ հարուցեն:

«Եթե նրա մեղքը միայն այն է, որ նա այդ ժամանակ հանդիսացել է կայազորի պետը, ապա այդ օրը տաս-տասնհիգ հազար զինծառայող է եղել, որոնք հրաման են կատարել, ինչո՞վ է  դրսևորվել ՀՔԾ-ի այս բարյացակամ վերաբերմունքը նրանց նկատմամբ, և մեղադրանք չեն առաջադրել: Չէ՞ որ նրանք կատարել են որոշակի հրաման, ինչո՞ւ նրանք պատասխանատվության չեն ենթարկվել»,-ասաց Միհրան Պողոսյանը:

Դիմելով դատավորին՝ վերջինս ասաց, որ բերված երկու բողոքները միասին քննելով՝  վերջինս իրենց զրկել է այս որոշմամբ նոր դատական ակտ կայացնելու հնարավորությունից:

Հայտնելով իր կարծիքը՝ նա ասաց, որ սույն գործով ի սկզբանե խափանման միջոցի հետ կապված իրավահաջորդների և իրավահաջորդների ներկայացուցիչների բերված բողոքները  ենթակա չէին վարույթ ընդունելու:

«Հանդիսանալով իրավունքի պաշտպան՝ ես այս պահին ձեռնպահ կմնամ այդ հարցի վերաբերյալ դիրքորոշում հայտնելուց, այս գործը չի ընթանում քրեական օրենսգրքով սահմանված կարգով: Չեմ ցանկանում մի պրոցեսի մասնակցել, որն ի սկզբանե ընթանում է անօրինական ձևով»,- ասաց Միհրան Պողոսյանը: Պաշտպանը հույս հայտնեց, որ դատավորն իր պաշտպանյալի նկատմամբ քրեական վարույթը կդադարեցնի և հետ կվերադարձնի մեղադրողին։

Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանն իր խոսքում, դիմելով նիստին հետևող անձանց, ասաց.

«Որևէ մեկը չհամարձակվի թթու խոսք ասել տուժողներին, նրանց իրավահաջորդներին, խիստ ձևով պահանջում եմ՝ որևէ մեկը նման բան իրեն թույլ չտա»:

Նշենք, որ երեկ Քոչարյանի աջակիցներից մեկը վիրավորել էր Սարգիս Քլոյանին,եւ հավանաբար Խուդոյանը նկատի ուներ հենց այդ միջադեպը։

Պաշտպանական կողմը միջնորդեց այս վարույթը կասեցնել եւ դիմել Սահմանադրական դատարան, մեղադրող կողմը ընդմիջում վերցրեց՝ քննարկելու եւ իրենց դիրքորոշումը հայտնելու։