Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Միջադեպ Վրաստանում. հայկական պատվիրակությունը վերադառնում է (տեսանյութ)

Թբիլիսիում Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի 26-րդ գլխավոր ժողովի աշխատանքը  տապալվել է։

Վեհաժողովին ռուս պատգամավորների ներկայությունը  միանշանակ չի ընդունվել վրացական հանրության կողմից.  նախ ակտիվիստները պատվիրակությանը բողոքի ցույցով են դիմավորել, վանկարկելով՝  «Ռուսաստանն օկուպանտ է»:  

Կրքերը թեժացել են նաեւ  համաժողովի  դահլիճում։

«Վրաստանի խորհրդարանի մի խումբ պատգամավորներ զավթել են Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի աշխատանքների դահլիճը և իրենց բողոքի ակցիան են իրականացնում Ռուսաստանի ներկայացուցիչների մասնակցության դեմ»,-  իր ֆեյսբուքյան էջում անմիջապես տեղեկացրել է  հայկական պատվիրակության անդամ Իվետա Տոնոյանը։

Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովի ելույթի ժամանակ Վրաստանում Ուկրաինայի դեսպան Իգոր Դոլգովը՝ ի նշան բողոքի, լքել է դահլիճը:

Ըստ «Ալիք մեդիայի»՝ հարցին, թե ինչու լքեց դահլիճը, Ուկրաինայի դեսպանն ասել է. «Որովհետեւ չեմ ուզում լսել ՌԴ-ին»:

Վրացի ցուցարարները շրջափակել են  նաեւ հյուրանոցի մուտքը, որտեղ հանգրվանել են Ուղղափառության վեհաժողովի անդամ 23 երկրների պատվիրակությունները։   Նրանք պահանջում են դադարեցնել ՌԴ պատվիրակների մասնակցությունը։

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն ֆեյսբուքյան իր էջում  անդրադարձել է միջադեպին։

«Դժվար է տեսնել, որ Վրաստանի բարձրագույն օրենսդիր մարմնի գլխավոր ամբիոնից ելույթ է ունենում օկուպանտ երկրի պատգամավոր: Այս փաստը վնաս է հասցնում մեր ազատության գաղափարին, վնասում է վրաց պառլամենտարիզմին: Ամբողջովին կիսում եմ վրաց հասարակության արդար բողոքը և դիմում եմ կազմակերպիչներին` անհապաղ բացատրեն հասարակությանը տեղի ունեցածը և խիստ արձագանքեն»,- վրացերենով գրել է վարչապետը/ թարգմանությունը՝ Ալիք մեդիայի/։

Քանի որ նիստի աշխատանքը դադարեցվել է հայկական պատվիրակությունը, վերադառնում է Հայաստան։

Հիշեցնենք, որ  26-րդ գլխավոր վեհաժողովի աշխատանքներին մասնակցելու համար հունիսի 19-23-ը ներառյալ Թբիլիսի (Վրաստան)  գործուղվել էին ղափառության միջխորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը, ԱԺ պատվիրակության անդամներ, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը, ԱԺ պատգամավորներ Գուրգեն Բաղդասարյանը, Արփինե Դավոյանը եւ Իվետա Տոնոյանը: