Քաղհասարակությունը միշտ պետք է լինի ինչպես համագործակցող, այնպես էլ ընդդիմադիր դերում. Արփինե Հակոբյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԻնչպե՞ս են բաշխվում հանրային միջոցները, ի՞նչ իրավական հիմքերով են Հայաստանի Հանրապետության նախարարությունները ֆինանսական հատկացումներ անում այս կամ այն ոչ պետական առեւտրային կազմակերպություններին: Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ մշտադիտարկում է իրականացվել այս թեմայով: Արդյունքները ներկայացվեցին այսօր:
«ՀԿ Կենտրոն»-ի նախագահ Արփինե Հակոբյանը «Ա1+»-ի հետ զրույցում նշեց, որ հիմնականում գրեթե նույն հասարակական կառույցներն են ֆինանսական աջակցություն ստանում:
«Կան նաեւ քաղհասարակության կառույցներ, որոնք պետական հովհանու ներքո են, օրինակ՝ սպորտային ֆեդերացիաները, մշակութային որոշակի կենտրոններ, որոնք իրենց ստատուսով ՀԿ-ներ են, բայց իրականում իրենք մշտապես ֆինանսավորվում են պետությունից՝ իրենց գործունեությունն իրականացնելու համար: Մշտադիտարկումը ցույց է տալիս, որ ամենաթույլ կողմը ֆինանսականն է, միջազգային փորձն ասում է, որ քաղհասարակության կառույցները ֆինանսավորվում են պետությունից: Դա լինում է թափանցիկ, լինում է ծառայությունների մատուցման ընթացակարգերի շրջանակներում, բոլոր երկրներում, մոտավորապես 60-70 տոկոսը ֆինանսավորվում է պետության կողմից, եւ ինչու ոչ, այստեղ՝ Հայաստանում: Եթե կան ֆոնդեր եւ գումարներ են տրամադրվում, ինչու չլինեն մրցութային կարգով եւ լինեն բոլորի համար հասանելի, եւ վերջիվերջո մենք միջազգային դոնորներից թեքվենք դեպի մեր պետություն եւ իրականացնենք մեր պետության օրակարգը: Այստեղ վախ կա, որ եթե դու ստանում ես որեւէ մեկից գումար, ապա իրեն ընդդիմադիր չես կարող լինել, հուսամ, որ այդպիսի խնդիրներ չեն առաջանա մեր հասարակությունում, որովհետեւ քաղհասարակությունը միշտ պետք է լինի ինչպես համագործակցող դերում, այնպես էլ ընդդիմադիր դերում, եւ մեծ հույս ունեմ, որ հենց պետությունից ֆինանսավորվելուց, չի նշանակի, որ մեր պետության սխալները կամ չենք տեսնելու, կամ չենք բարձրաձայնելու»,-ասաց տիկին Հակոբյանը:
Հետազոտության ընթացքում նախարարությունների հետ աշխատանքը հետազոտող Անահիտ Ղարիբյանը անարդյունավետ է համարում.
«Օրինակ՝ Պաշտպանության նախարարությանը մենք ուղարկել էինք հարցումներ, եւ այդ հարցումների պատասխաններն, այսպես ասած, արհամարհվել են, եւ որեւէ կերպ ինֆորմացիա չենք ստացել, թե 2016-2017թթ. ՊՆ ինչ հասարակական կազմակերպությունների կամ ոչ առեւտրային, ոչ պետական կազմակերպությունների է ֆինանսավորել: Նմանատիպ դեպքեր են եղել, ցավոք սրտի, երեք նախարարությունների հետ, երբ մենք հարցում ենք ուղարկել, կամ պատասխանել են՝ չեն տրամադրել, կամ համադրման արդյունքում, բյուջեի հաշվետվության մեջ երեւացել է, որ որեւէ հասարակական կազմակերպությանը ֆինանսավորվել է»,-իր ելույթում նշեց «ՔՀԿ-ների պետական ֆինանսավորման աղբյուրները. մշտադիտարկում» ծրագրի հետազոտող-փորձագետ Անահիտ Ղարիբյանը: