Հայկ Գևորգյանը կարծում է` ակցիայի մասնակիցներն ուղղորդված են եկել ԱԺ
Աջակցիր «Ա1+»-ին«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանը հանդիպել է Ազգային ժողովի դիմաց նստացույց անող ցուցարարների հետ, որոնք դեմ են Հարկային օրենսգրքով նախատեսվող փոփոխություններից մեկին, ըստ որի՝ նախատեսվում է եկամտահարկը հարթեցնել՝ դարձնելով 23 %։ Հետագայում այն պետք է աստիճանաբար նվազելով հասնի 20%:
Լրագրողների հետ զրույցում պատգամավորն ասաց, որ ակցիայի մասնակիցները չեն ցանկացել լսել պատգամավորի պարզաբանումները:
«Ակնհայտ է, որ չկա գաղափարական խնդիր՝ համահարթի հետ կապված: Եթե իրենք հարուստ են համարում նրան, ով 200 000 դրամ աշխատավարձ է ստանում, ու նա պիտի աշխատավարձի մեկ երրորդը հարկ վճարի, ու իրենք համարում են, որ դա ճիշտ է, թող մնա իրենց խղճին: Իրենք չեն տեսնում օլիգարխներին, իրենք որպես հարուստ մարդ տեսնում են 200 000 դրամ ստացող մարդկանց»,- պարզաբանեց պատգամավորը:
Հայկ Գևորգյանը կարծում է, որ ակցիայի մասնակիցները ուղղորդված են եկել ԱԺ, քանի որ ամբողջ հարկային օրենսգրքի փաթեթից միայն այդ դրույթն են առանձնացրել ու դժգոհել:
«Փորձում են տպավորություն ստեղծել, որ ժողովուրդը դժգոհ է, դա իրականության հետ ոչ մի կապ չունի»,-հավելեց նա:
Հարկային օրենսգրքով նախատեսվող փոփոխությունների իմաստը, ըստ Հայկ Գևորգյանի, այն է, որ պետությունը աշխատող մարդուց հարկերը քիչ կհավաքի, իսկ հարուստներից՝ շատ: