Բացել լրահոսը Փակել լրահոսը
Կիրո Մանոյան (1)
A A
Քաղաքականություն

Հետագա պահվածքն է կարևոր. ՀՅԴ գործիչը՝ Սինանյանի նշանակման մասին

2019 թվականի մայիսի 8-ին ընդունվեց «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որով Սփյուռքի նախարարությունը լուծարվում էր՝ փոխարենը վարչապետի աշխատակազմում կազմավորվելով Սփյուռքի հարցերով հանձնակատարի գրասենյակ: Հունիսի 14-ին Նիկոլ Փաշինյանի կողմից հանձնակատարի պաշտոնում նշանակվեց ԱՄՆ Քալիֆորնիա նահանգի Գլենդեյլի քաղաքային խորհրդի նախկին անդամ և քաղաքապետ, քաղաքագետ, իրավաբան Զարեհ Սինանյանը։

Այս կապակցությամբ «Ա1+»-ը զրուցեց ՀՅԴ հասարակական-քաղաքական գործիչ Կիրո Մանոյանի հետ։

«Պետք է ասեմ, որ բավականին դժվար պատասխանատվություն է՝ նախ հաշվի առնելով, որ ընդհանրապես նոր է ձևավորվում գրասենյակը, գործառույթները».- ասաց Մանոյանը՝ անդրադառնալով հանձնակատարի նշանակման հարցին։

Անկախ նրանից, թե ով կնշանակվեր այդ պաշտոնում, ըստ ՀՅԴ գործչի, այն մեծ պատասխանատվություն ունեցող պաշտոն է, որովհետև Հայաստան-Սփյուռք հարաբերություններում կարևոր դերակատարություն ունենալու համար է կոչված այդ գրասենյակը։

Քաղաքական գործչի խոսքով՝ Սինանյանը մշտապես մասնակցել է Հայ Դատի հանձախմբերի աշխատանքներին, բայց վերջին շրջանում որոշ քայլեր էր ձեռնարկել, որոնք մի քիչ անհասկանալի են եղել.

«Հատկապես՝ վիրահայության կամ ջավախահայության հարցերի հետ կապված»,- ասաց նա։

Հարցին, թե ինչ անհասկանալի քայլերի մասին է խոսքը, նա ասաց, որ Սինանյանը Վրաստանում ՀՅԴ ղեկավարների դեմ է ուղղակի խոսել։

Անդրադառնալով խնդրին, թե մտահոգություններ կան Իրանի և Ռուսաստանի հայ համայնքներում՝ կապված Սինանյանի՝ ԱՄՆ քաղաքացի լինելու հետ՝ քաղաքական գործիչն ասաց, որ պարզապես քաղաքացիությունը պետք չէ, որ կանխորոշի. հետագա գործերը և փաստերը ցույց կտան։

«Ինքն էլ այդ մասին մտահոգություն արտահայտել է և ինքը կարող է այդ ուղղությամբ ակտիվ, դրական աշխատանք տանել, հուսանք»,- ասաց Մանոյանը՝ հավելելով, որ եթե հանձնակատարը Ռուսաստանի քաղաքացի լիներ, Ամերիկայի հայ համայնքը կարող էր մտահոգություն հայտնել և որ ամեն դեպքում հետագա պահվածքն է կարևոր։

Իսկ թե այս նշանակումն ինչպես է ընկալվում ընդհանուր ՀՅԴ կառույցներում, շեշտեց, թե այնպես չէ, որ «աշխարհի մեր բոլոր կառույցներով քննարկել ենք Սինանյանի նշանակումը։ Նշանակվել է, մեկը պետք է նշանակվեր, ի վերջո։ Անակնկալ չէր, որ ինքը պետք է նշանակվի, որովհետև արդեն որոշ ժամանակ խոսակցություններ գնում էին»։

«Հուսով ենք՝ որպես բարձր հանձնակատար՝ կլինի պետության ներկայացուցիչ, ոչ թե այս կամ այն շրջանակի»,- եզրափակեց Կիրո Մանոյանը։