Բացել լրահոսը Փակել լրահոսը
Տնտեսնախարար (1)
A A
Հասարակություն

Ինչո՞ւ է ազատվել փոխնախարարի օգնականը

Գոհար Անակչյանն օրերս ազատվել է Էկոնոմիկայի փոխնախարարի օգնականի պաշտոնից։

Նա Ֆեյսբուքի իր էջում գրառում էր կատարել՝ նշելով, որ պատրաստվում է դատարան դիմել այս կապակցությամբ, քանի որ կարծում է, որ իր իրավունքները խախտվել են։ «Ա1+»-ը կապ հաստատեց նրա հետ։

Տիկին Անակչյան, Դուք  Ձեր ֆեյսբուքյան էջում գրառում էիք կատարել  աշխատանքից հեռացման կապակցությամբ դատարան դիմելու վերաբերյալ։

Այո, նման գրառում կատարել եմ, որտեղ հակիրճ կերպով ամփոփել եմ աշխատանքից ազատման հետ կապված նախարարության համապատասխան աշխատակիցների գործողությունները։ Այս ազատումը ենթադրելի ավարտն էր այն «հետապնդման», որն իմ նկատմամբ սկսվել է մոտավորապես մեկ ամիս առաջ։ Ես գտնում եմ, որ ինձ աշխատանքից ազատելու վերաբերյալ Էկոնոմիկայի նախարարի գործողությունները ոչ իրավաչափ են, և այո, ինչպես նշել եմ, պատրաստվում եմ դիմել դատարան՝ այդ ոչ իրավաչափ գործողությունների արդյունքում խախտված իմ իրավունքները վերականգնելու համար։

Աշխատանքային ի՞նչ իրավունքներ են խախտվել։                                                

Ըստ իս՝ խախտվել են ինչպես «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով նախատեսված մի շարք սկզբունքներ, այնպես էլ ոտնահարվել են հանրային ծառայողի համար սահմանված մի շարք իրավական երաշխիքներ։ Բացի այդ, չեն պահպանվել աշխատանքային օրենսդրությամբ նախատեսված աշխատանքից ազատման վերաբերյալ իրավական ընթացակարգերը և նորմերը, ինչն էլ հանգեցրել է իմ իրավունքների խախտմանը։ Ուզում եմ տեղեկացնել, որ այս հարցի հետ կապված՝ իմ հետագա բոլոր գործողությունները հանրայնացվելու են՝ ինչպես հասարակությանը տեղեկացնելու, այնպես էլ հետագայում նմանատիպ դեպքերը կանխելու նպատակով։

-Ինչո՞ւ է նախարարը Ձեզ աշխատանքից հեռացրել։                                                

Այդ հարցով դիմեք նախարարին։

-Այսինքն՝ աշխատանքից հեռացնելիս պատճառ չի նշվե՞լ։ Իսկ ըստ Ձեզ՝ ի՞նչն  էր կարող լինել հեռացման պատճառ։ Հեռացնելիս ինչպե՞ս են դիմել, որպեսզի հեռանաք, թե՞ ուղղակի աշխատանքից ազատման փաստաթուղթ է ստորագրվել ու Ձեզ տեղեկացվել։ 

Ես ամսի 14-ին, ժամը 17:50, կադրերից ստացել եմ նախարարի ստորագրությամբ աշխատանքից իմ ազատման հրամանի պատճեն։ Այն հարցին, թե ինչու եմ ազատվել աշխատանքից, պատասխանեցին, որ «ամեն ինչ արված է օրենքով»։ Ընդ որում՝ ես դրա մասին ամբողջ օրը չեմ տեղեկացվել եւ քանի որ ունեի ամենամյա արձակուրդի իրավունք, կեսօրին դիմում եմ գրել՝ արձակուրդ տրամադրելու վերաբերյալ, մուտքագրել Էլեկտրոնային կառավարման համակարգ, եւ այդ դիմումին տրվել է ընթացք։

Այս խնդրով կապ հաստատեցինք Էկոնոմիկայի նախարարության մամուլի խոսնակ Աննա Օհանյանի հետ։ «Ա1+»-ի հետ հեռախոսազրույցում նա ասաց, որ համաձայն «Հանրային ծառայության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ կետի՝ հայեցողական պաշտոն զբաղեցնող անձն իր անմիջական ղեկավարի փոփոխության դեպքում շարունակում է պաշտոնավարել՝ մինչև իր պաշտոնում նոր նշանակում կատարելը. «Հայեցողական պաշտոնում նոր նշանակումը կատարվում է հայեցողական պաշտոն զբաղեցնող անձի անմիջական ղեկավարի նշանակման օրվանից հետո` մեկ ամսվա ընթացքում»:

«Ավագ Ավանեսյանը նախարարի տեղակալի օգնականի պաշտոնում նշանակել է իր նախընտրած թեկնածուին, և Գոհար Անակչյանն օրենքի ուժով այդ պահից ի վեր համարվում է աշխատանքից ազատված»,- ընդգծեց նախարարության խոսնակը։

Իսկ դատարան դիմելը, Օհանյանի խոսքով, Անակչյանի իրավունքն է։

Նշենք, որ Գյուղատնտեսության նախարարությունը և Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություններն օպտիմալացման շրջանակներում միավորվել են Էկոնոմիկայի նախարարության ներքո։