Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Ջհանգիրյանի ասածից ստացվում է՝ նախապես պլանավորված քննություն է կատարվում. Ալումյան (տեսանյութ)

Դատարանների, դատավորների նկատմամբ աննախադեպ ճնշումներ են։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի ներկայացուցիչ Հայկ Ալումյանը։

«Այ բանից հետո, երբ մայիսի 18-ին Քոչարյանը ազատ արձակվեց, դատարանների նկատմամբ տեղի ունեցան աննախադեպ ճնշումներ, եւ այդ ճնշումները ահաբեկում, վախեցնում են դատավորներին։ Դե պատկերացրեք, թե ինչ վիճակում է Վերաքննիչ քրեական դատարանի դատավորը, որը քննում է Քոչարյանի գործը»,-ասաց Հայկ Ալումյանը։

Այսօր Հայկ Ալումյանը հաղորդում է ներկայացրել դատախազությանը իր անունից, որպեսզի քրեական գործ հարուցվի նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի մատնանշած փաստերի առթիվ։

Պարոն Ջհանգիրյանը մատնանշել էր հանգամանքներ, որոնք հավանաբար վկայում են դատարանների նկատմամբ ճնշումների մասին։ Նա հարցազրույցներից մեկի ժամանակ ասել էր, որ ՍԴ-ն հնարավորություն է տալիս, որպեսզի իրենք իրենց սխալը ուղղեն, որպեսզի վերաքննիչ դատարանը բեկանի առաջին ատյանի որոշումը։

«Եթե դա այդպես է , ապա դա ցույց է տալիս, որ նախապես պլանավորված քննություն է կատարվում։ Փաստորեն, սա է դուրս գալիս պարոն Ջհանգիրյանի ասածից»,-նշեց Ալումյանը։

Փաստաթուղթը, որը ներկայացրել են դատախազություն, կոչվում է հաղորդում ենթադրյալ հանցագործության մասին։

Ալումյանը նշեց, որ Ռոբերտ Քոչարյանի՝ «Յախան թափ տվեք այս գործից» արտահայտությունը ճնշում չէ դատավորի նկատմամբ։

«Ճնշում չի, իրավական բանավեճի մի հնարք է։ Բայց այդ մի արտահայտությունը բերեք, համեմատեք Նիկոլ Փաշինյանի՝ վերջին մեկ շաբաթվա արտահայտությունների հետ։ Եւ խորացել, գտեք այն պատճառները, թե ինչու ԲԴԽ-ից արդեն վեց հոգի հրաժարական է տվել, եւ ճնշումների իրական վեկտորը կտեսնեք՝ որտեղից է գալիս»,- ասաց նա։

Ալումյանը տեսնում է տենդենց, որ փորձ է արվում ազատվել նրանցից, որոնք «մեր դատարանների հույսն են»։ Ալումյանը նաեւ տեղեկացրեց, որ տասը տոկոս ավել գումար կվճարի Փաշինյանի փաստաբանին, այն բանից հետո, երբ դատարանը կորոշի, որ պետք է 650 հազար դրամ փոխհատուցվի։

Հայցադիմում ներկայացնելու առիթը Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի ժամանակ Նիկոլ Փաշինյանի հրապարակային հայտարարությունն էր, երբ վարչապետը ասել էր.

«Կամ թեկուզ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու մեկնաբանությունը: Ասում է՝ անձեռնմխելի է: Ի՞նչ է նշանակում անձեռնմխելի: Այսինքն՝ կարելի է մարդկանց սպանությունը կազմակերպել ու ասել՝ ես անձեռնմխելի՞ եմ: Այդ որտե՞ղ է այդպես գրված»:

Հայցադիմումում Քոչարյանի պաշտպանը պահանջում էր Փաշինյանից հրապարակայնորեն ներողություն խնդրել։ Բայց հայցվոր կողմը բավարարվեց միայն հայցից հրաժարվելուց։

«Եթե դատավորը որոշի, որ պետք է վճարել, ես եմ վճարելու, քանի որ ես եմ պահանջը ներկայացրել։ Դեռ ավելին, պատրաստ եմ նաեւ տասը տոկոս ավել վճարել՝ որպես խրախուսանք»,- ասաց նա։