Բացել լրահոսը Փակել լրահոսը
l-LQsolsEU2A
A A
Հասարակություն

Արթուր Վարդանյանի խափանման միջոցը չփոխվեց

Նորքի զինված խմբի պարագլուխ համարվող Արթուր Վարդանյանի խափանման միջոցն այսօր էլ չփոխվեց։  Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանը մերժեց առողջական բազմաթիվ խնդիրներ ունեցող Արթուր Վարդանյանի խափանման միջոցը փոխելու նրա պաշտպան Լեւոն Բաղդասարյանի միջնորդությունը։

Նրա համար երաշխավորագրեր էին ներկայացրել ԱԻՄ առաջնորդ  Պարույր Հայրիկյանը եւ ՍԻՄ նախագահ, նախկինում պատգամավոր  Հայկ Բաբուխանյանը՝ միաժամանակ մուծելով 1 մլն դրամ։ 

Ըստ քրեական գործի` «2015-ի ապրիլից գտնվելով ՀՀ տարածքում՝ Արթուր Վարդանյանը ստեղծել ու ղեկավարել է ՀՀ քաղաքացիներից կազմված հանցավոր համագործակցություն, կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել, փոխադրել և կրել մեծ քանակությամբ զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, պայթուցիկ սարքեր` նպատակ ունենալով Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը յուրացնել, այսինքն զավթել՝ բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքով, ինչն ավարտին չի հասցվել՝ նրա կամքից անկախ հանգամանքներում, քանի որ հանցավոր գործակցության մեջ ներգրավված անձինք բացահայտվել ու 2015թ. նոյեմբերի 25-ին վնասազերծվել են ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից»: 

 Այս գործով անցնում էր 20 անձ, սակայն նրանցից միայն Արթուր Վարդանյանն  է կալանքի տակ։ Մյուսների խափանման միջոցները տարբեր ժամանակահատվածներում փոփոխվել է։

Կալանավայրում գտնվելու ընթացքում Արթուր Վարդանյանի առողջական վիճակը վատացել է, նա ունի լյարդի, սրտի հետ կապված լուրջ խնդիրներ, ինչպես նաեւ մաշկային հիվանդություն։

Այս գործով անցնող անձանցից կալանքի տակ է միայն Արթուր Վարդանյանը: Կալանքի տակ գտնվող մյուս 19 ամբաստանյալներն ազատ են արձակվել։  Նրանց նկատմամբ այլընտրանքային խափանման միջոցներ են կիրառվել:

Վերջերս Արթուր Վարդանյանի պաշտպանությունը ստանձնած Արայիկ Պապիկյանը կարծում է` դատարանը կամայական վերաբերմունք է  ցուցաբերում։

«Գործով անցնող բոլոր անձանց նույն մեղադրանքն է առաջադրված։ Այնպիսի տպավորություն է, որ դատավոր Արմեն Բեկթաշյանը կարծես թե անձնական վրեժխնդրություն է ուզում լուծել,  եւ այդ գործում դատավորին աջակցում է նաեւ դատախազությունը։ Այլապես նման հիվանդություններով անձին երեք ու կես տարի  չէին պահի կալանքի տակ»,- ասում է Արայիկ Պապիկյանը։

Նա հեգնանքով է նշում՝  պաշտպանական կողմը սխալվել է`  Արցախի նախագահ Բակո Սահակյանին չհրավիրելով երաշխավորագիր տալու։ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխվեց Արկադի Ղուկասյանի եւ Բակո Սահակյանի անձնական երաշխավորագրերի հիման վրա։

 «Հեգնանքս ուղղված է դատարանին եւ դատախազությանը, մի՞թե Հայաստանում չկան հեղինակավոր անձինք, բացի Բակո Սահակյանից եւ պաշտոնաթող Արկադի Ղուկասյանից,  ովքեր կարող են երաշխավորել եւ որոնց երաշխավորությունն այսօր Հայաստանի դատավորների համար ավելի մեծ երաշխիք է, քան Պարույր Հայրիկյանինը կամ մեկ այլ անձի ներկայացրած անձնական երաշխավորությունը»,- ավելացնում է պաշտպանը։

Որոշումը ստանալուց հետո այն կբողոքարկվի Վերաքննիչ դատարանում։ Արայիկ Պապիկյանը հույս ունի, որ այդ դատարանում անձնական վրեժխնդրության տիրույթում բողոքը չեն քննի։