Բացել լրահոսը Փակել լրահոսը
MHM0130346
A A
Հասարակություն

Ստուգումներից առաջ չեն նախազգուշացվելու. Կառավարության որոշումը

ՀՀ կառավարության այսօրվա նիստի օրակարգային հարցերից էր  «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։

Հարցը զեկուցեց վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը: նա նշեց, որ նախագծով առաջարկվում է վերացնել գործող օրենսդրությամբ «չափագիտական վերահսկողություն իրականացնելու համար ստուգումը սկսելուց առաջ առնվազն երեք աշխատանքային օր առաջ տնտեսվարող սուբյեկտին տեղեկացնելու մասին սահմանված պահանջը ՝ հաշվի առնելով, որ տնտեսավորղ սուբյեկտները, նախապես տեղեկանալով սուբյեկտների մասին, սահմանված սուբյեկտներին չափագիտական վերահսկողության ենթակա օբյեկտների թերությունները վերացնում են և պահանջվող նորմերին համապատասխանեցնում են միայն տվյալ օրը:

«Վստահաբար տեղյակ եք, որ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը պարբերաբար ահազանգեր է ստանում բենզալցակայաններում թերլցումների վերաբերյալ, և փաստացի գործող կարգավորումները, մասնավորապես՝ եռօրյա ծանուցման պահանջը, գործնականում անհնար են դարձնում բացահայտել և արձանագրել այդ խախտումները։ Առաջարկվող օրենքի փոփոխությամբ մենք փաստացի կարողանում ենք այդ խոչընդոտները վերացնել:

Վերջերս ընդունված օրենքի փոփոխությամբ գազալցակայանները անցան գազի կիլոգրամով վաճառքի ռեժիմին, որը ևս գազալցակայաններին բերում է այս ռիսկերին, և հետևաբար այս որոշմամբ մենք կանխում ենք գազալցակայանների շուկայում նմանատիպ դրսևորումների հնարավորությունը»,- ասաց Էդուարդ Աղաջանյանը՝ հավելելով, որ այս նախագիծը հաստատվել է  շուկայի տեսչական մարմնի կառավարման խորհրդի կողմից, ինչպես նաև նախարարական կոմիտեի կողմից, և խնդրեց այն  հաստատել։

Այս առնչությամբ առաջարկ ուներ ՀՀ քննչական կոմիտեի ղեկավար Հայկ Գրիգորյանը: Նա առաջարկում է նաև, որ ստուգման ակտը դիտվի որպես ապացույց, որովհետև քրեական գործերի քննության ընթացքում գերատեսչությունների կողմից անցկացված ստուգման ակտերը չեն կարողանում դիտել ապացույց՝ Քրեական դատավարության 104 հոդվածի համաձայն, միայն այն հանգամանքի համար, որ ստուգողները չեն նախազգուշացվում ակնհայտ կեղծ եզրակցության կամ ակնհայտ կեղծ ակտ տալու համար:

«Եվ ի վերջո, ստուգման ակտը ստանալուց հետո մեր կողմից նշանակվում են դատաֆինանսական, տնտեսագիտական դիտահաշվապահական փորձաքննություններ, որոնք, ըստ էության, մի քանի ամիս սպասելուց հետո նույն ստուգման ակտը արտացոլում են»,- ասավ Հայկ Գրիգորյանը:    

Նա առաջարկեց, որ եթե կա հնարավորություն, քննարկել այն հանգամանքը, որ ստուգում կատարողները նախազգուշացվեն ակնհայտ կեղծ ստուգման ակտ տալու համար, և 104 հոդվածով քրեական դատավարությամբ նախատեսվի որպես ապացույց:

Արձագանքելով՝ վարչապետն ասաց, որ կարծում է, որ իրենք կարող են այս նախագծին ընթացք տալ:

«Եթե դեմ չեք, կարծում եմ՝ քննչական կոմիտեի ներկայացուցիչները, կառավարության ներկայացուցիչները, նաև մյուս մարմինների ներկայացուցիչները համատեղ կարող են ձեր ասած նախագիծը գրել, և եթե հասցնեք, ԱԺ-ում քննարկման ընթացքում նաև հիմնական զեկուցողի կողմից դա կարող է ներմուծվել նախագծի մեջ և ըստ այդմ՝ ընթացք ստանալ»,- ասաց վարչապետը:

Արձագանքելով՝ Հայկ Գրիգորյանն ասաց, որ դա էանորեն կկրճատի քրեական գործերով նախաքննության ժամկետները:

Այս որոշումն ընդունվեց: