Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Իմ տղան գիտակցաբար գնաց այդ քայլին. Ապրիլյան պատերազմում զոհվածի մայր (տեսանյութ)

Ապրիլյան պատերազմի մասնակից, հատուկ ծառայության  բրիգադում ծառայած Սասուն Մկրտչյանը այսօր կդառնար 30 տարեկան:  

Նրա ծննդյան առթիվ այսօր Ավետիք Իսահակյանի անվան գրադարանը միջոցառում էր կազմակերպել, որին մասնակցում էին հերոսի ծնողներն ու մարտական ընկերները: Միջոցառման հյուրերը հիացմունքով էին հիշում հերոսի կյանքի և ծառայության տարիները, ասմունքում հերոսին նվիրված բանաստեղծությունները և հիշում նրա կյանքից փոքրիկ պատառիկներ:

Սասուն Մկրտչյանի մայրը՝ Նարինե Կիրակոսյանը, հպարտորեն է հիշում, որ իր տղան և մարտական  ընկերները մասնակցել են քառօրյան պատերազմին և  մեծ սխրանք են կատարել: Մայրը վստահ է, որ Սասունը գիտակցաբար է գնացել այդ քայլին և երազում է, որ այսուհետ բանակը այնքան հզորանա, որ թշնամին չհամարձակվի նույնիսկ նայել մեր երկրի ուղղությամբ:

Երևանի դատական փորձագիտության  և հոգեբանության ինստիտուտում, որտեղ սովորել և ավարտել է  Սասուն Մկրտչյանը,  բացվել է իր իսկ անվան լսարան: Ինստիտուտի ռեկտոր Ազատ Թադևոսյանի խոսքով՝  յուրաքանչյուրը, որ մտնում է հերոսի անվան լսարան, ականատես է լինում լսարանում փակցված՝ ՀՀ նախագահի կողմից արժանացած առաջին կարգի Խաչի շքանշանին և նրա զինվորական հագուստին և իրերին:

 Ապրիլյան պատերազմի մասնակից «Մարտական խաչի» երկրորդ աստիճանի շքանշանակիր կրտսեր սերժանտ Ռազմիկ Գասպարյանը նշում է, որ պատերազմից 2.5 տարի հետո մարտական ընկերներով հիմնել են «Ապրիլյան մարտական գործողությունների մասնակիցների միություն»։

Անդրադառնալով Ապրիլյան պատերազմը ուսումնասիրոց հանձնաժողով ստեղծելուն՝ նա նշեց, որ  առայժմ չի կարող մեկնաբանել , և ժամանակը ցույց կտա՝ արդյոք հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտություն կա՞ր, թե՞ ոչ: